Արտաշատում գիշերով մտել են 84-ամյա կնոջ բնակարան, կպչուն ժապավենով կապել նրան ու հափշտակել ոսկյա զարդեր, փող

Հայաստանի ոստիկանությունը տեղեկացնում է՝ հունվարի 27-ին ոստիկանության Արտաշատի բաժնում բանավոր հաղորդում տված 84-ամյա կինը հայտնել էր, որ հունվարի 26-ին, ժամը 23.00-ի սահմաններում, դիմակավորված անձինք ապօրինի մուտք են գործել իր բնակարան, կպչուն ժապավենով կապել իր ձեռքերը և ոտքերը, ապա ննջասենյակից հափշտակել փող և ոսկյա զարդեր:

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի (Ավազակությունը) հատկանիշներով քրեական գործ հարուցվեց: Ոստիկանության Արտաշատի բաժնի և Արարատի մարզային վարչության ծառայողները ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզեցին հանցագործությունը կատարողի ինքնությունը:

Շահումյան գյուղի 27-ամյա բնակիչը, ավազակություն կատարելու կասկածանքով, բերման ենթարկվեց Արտաշատի բաժին և ներկայացվեց վարույթն իրականացնող մարմնին: Նա տվել է խոստովանական ցուցմունք և ձերբակալվել: Հանգամանքները պարզվում են: Նախաքննությունը շարունակվում է: