«Առանցքային հարց է՝ արդյոք Ռուսաստանն ի վիճակի՞ է իր իսկ մասնակցությամբ կնքված փաստաթղթերի իրագործումն ապահովել». Հակոբ Բադալյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը

 – Պարո՛ն Բադալյան, Սոչիում տեղի ունեցավ Պուտին-Փաշինյան երկկողմ հանդիպումը, ինչպե՞ս եք այն գնահատում։ Նիկոլ Փաշինյանը հույս հայտնեց, որ այսօր կարող է եռակողմ հայտարարություն ընդունվել, ինչ-որ փաստաթղթի կնքում հնարավոր համարո՞ւմ եք։

– Շատ բարդ է փաստաթղթի հավանականության մասին խոսել այն իմաստով, որ ամենափոքր անհամաձայնությունն անգամ կարող է դառնալ դրա չստորագրման պատճառ, ու, ընդհանուր առմամբ, իհարկե այդպիսի փաստաթղթի ստորագրումը կախված է լինելու նաև Պուտին-Ալիև հանդիպման բովանդակությունից։

Հասկանում ենք, որ այստեղ ընդհանուր շատ ավելի լայն օրակարգերով պայմանավորված հեռանկար է, բայց նաև կա հետևյալ խնդիրը, որ կարող է լինել այդպիսի հայտարարություն, բայց առանցքային է, թե այդ հայտարարությունը, բնականաբար, ի՞նչ բովանդակություն ու շեշտադրումներ կունենա։ Ենթադրելի է, որ խոսքը վերաբերելու է մինչ այդ եղած եռակողմ հայտարարությունների կամ փաստաթղթերի բովանդակության տրամաբանության շարունակությանը։

Մյուս առանցքային հարցն այն է, թե այդ փաստաթուղթը որքանո՞վ է նպաստելու իրավիճակի կառավարելիությանը, այսինքն՝ այդ փաստաթուղթը որքանո՞վ է նպաստելու կայունության ապահովմանը։

Մինչ այդ եղած հիշատակածս փաստաթղթերը՝ նոյեմբերի 9-ը, հետո 2021 թվականի հունվարի 11, մայիսի 26, բայց մենք տեսնում ենք, որ այդ փաստաթղթերը շատ-շատ դեպքերում բացարձակապես չեն խանգարում Ադրբեջանին գնալ ռազմական էսկալացիայի ճանապարհով, և հարցեր են առաջացնում՝ արդյոք Ռուսաստանն ի վիճակի՞ է իր իսկ մասնակցությամբ կնքված փաստաթղթերի իրագործումն ապահովել, դրանք կառավարելիության դաշտում պահել։

– ՌԴ նախագահը նշեց, որ «Այս հակամարտությունն արդեն ձգվում է տասնամյակներ, դրա համար անհրաժեշտ է ինչոր պահի դրան վերջ տալ»։ Կարո՞ղ ենք եզրակացնել, որ որոշակի հիմքեր ունի Վլադիմիր Պուտինը, որ նման հայտարարություն է անում, թե՞ սա հայտարարություն էր, որից պետք չէ լուրջ սպասելիք ունենալ։

– Բնականաբար ադրբեջանական կողմն առավելագույնն է անելու, որ իր համար նպաստավոր բովանդակությամբ փաստաթուղթ ստանա, ու հայկական կողմն էլ իր հերթին անելու է իր համար առավելագույնը ստանալու։ Ում մոտ ինչ կստացվի՝ սա արդեն բազմաթիվ գործոններով պայմանավորված հարց է։

Բայց ինչ վերաբերում է կոնկրետ հայտարարությանը՝ հասկանալի է, որ այդպիսի հայտարարություններ հնչում են արդեն երկու տասնամյակ ու ավելի, ու այդ հայտարարությունները չեն, որ ինչ-որ բան կանխորոշելու են։ Այսօր իրավիճակը լինելով չափազանց բարդ՝ դերակատարների շահերի առումով, այդուհանդերձ, պարզ է իր տրամաբանությամբ․ մենք տեսնում ենք ռուսական ու ամերիկյան ազդեցության պայքարի բավական թեժ շրջան, պայքար իրավիճակի կառավարման համար։

Թե՛ ԱՄՆ-ն, թե՛ Ռուսաստանը շատ լավ պատկերացնում են, որ խնդիրն իր բարդություններով հանդերձ, մեղմ ասած, այդպես հեշտությամբ կարգավորման ենթակա չէ, և բուն պայքարն այսօր կառավարման ղեկին մոտ կանգնելու, «կառավարչի» կարգավիճակ ունենալու համար է, բնականաբար, ստրատեգիական այլ խնդիրների լուծման համատեքստում։

ԱՄՆ-ի համար նվազագույն թիրախային խնդիրները երկուսն են՝ Իրանի ու Ռուսաստանի ազդեցության դեմ պայքարը ու թույլ չտալ ռուս-իրանական դաշինքի ձևավորում, հատկապես որ վերջին ամիսներին ու շաբաթներին տեսնում ենք շատ դինամիկ ու սերտ գործակցության զգալի աճ։ Բնականաբար, ԱՄՆ-ի խնդիրն է կանխել այդ գործընթացը, իսկ դրա համար պետք է Կովկասում իրավիճակի վրա ազդող առանցքային հարցում՝ հայ-ադրբեջանական հակամարտությունում, ունենալ մոդերատորի դեր, ու սա այդ դերի համար պայքարն է։ Իսկ Ռուսաստանի համար խնդիր է պահպանել կամ ամրացնել իր մոդերատորությունը։

– Կարծեք Հայաստանն ընտրում է Ռուսաստանին, պարո՛ն Բադալյան, ճի՞շտ եմ հասկանում, եթե նկատի ունենանք Փաշինյանի հնչեցրած մտքերը Սոչիում, որ Հայաստանն ընդունում է ռուսական կողմի առաջարկները խնդրի կարգավորման վերաբերյալ։

– Հայաստանը փորձում է աշխատել երկու ուղղությամբ էլ, ու շատ հստակ է այդ առումով ձևակերպված խնդիրը։ Հայաստանն արձանագրում է, որ ինքը բացարձակապես մտադիր չէ մասնակցել Ռուսաստանի դեմ արևմտյան որևէ խաղի կամ ռազմավարության, ու իրեն հուզում է հետևյալ խնդիրը, թե որքանո՞վ է Ռուսաստանն ի վիճակի ապահովել Արցախի անվտանգությունը և ապահովել այն բովանդակության իրագործումը, որն արտացոլված է այդ երեք փաստաթղթերում, որոնք ամենևին էլ մեր ցանկացածը չեն, ընդամենը պատերազմի պարտության ցավագին հետևանքն են, բայց դրանք այս իրավիճակում նվազագույն ելակետեր են, որոնք թույլ են տալիս հայկական կողմին ոտքը դնել գետնին ու փորձել աշխատել։

Հայկական կողմն այդ հայտարարություններով փորձում է ցույց տալ, որ ինքը մտադիր չէ մասնակցել Ռուսաստանի դեմ որևէ խաղի, ու Արևմուտքի հետ աշխատում է բացառապես իր խնդիրները լուծելու տրամաբանությունից ելնելով, երբ տեսնում է, որ դրանք անհրաժեշտ արդյունավետությամբ լուծում չեն ստանում Ռուսաստանի մոդերատորության պայմաններում։ Այսինքն՝ այստեղ մոդերատորության փոփոխության խնդիրն էլ չէ, այլ՝ խնդիրների լուծումը, որոնք կան Հայաստանի ու Արցախի համար։

– Նիկոլ Փաշինյանը հստակ ներկայացրեց ակնկալիքները, որոնք ունի ռուսական կողմից, ըստ ձեզ, դրանք կբավարարվե՞ն ռուսական կողմից։

– Այսօր իրատեսական չէ որևէ կողմից Հայաստանի ակնկալիքների լիարժեք բավարարում պատկերացնելը։ Հայաստանի խնդիրն այսօր ավելի շուտ այս երկու ռազմավարությունների պայքարում առավելագույնը շահելն է կայունության կառավարելիության տեսանկյունից ու ռիսկերը նվազագույնի հասցնելը՝ աշխատելով երկու կողմի հետ։ Մտածել, որ որևէ կողմը կբավարարի մեր ակնկալիքները, իրատեսական չէ, դա պայմանավորված է մի շարք սուբյեկտիվ ու օբյեկտիվ պատճառներով։ Այս տեսանկյունից մենք պետք է առավելագույնն անենք մեր կարողություններն ավելացնելու համար, որպեսզի կարողանանք հասնել մեր ակնկալիքների իրականալիության աստիճանի բարձրացմանը թե՛ Ռուսաստանի, թե՛ Արևմուտքի հետ աշխատանքում։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am