43-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ ընկերոջ հորաքրոջ սպանության կասկածանքով

2021թ. փետրվարի 8-ին՝ ժամը 18:55-ին, ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնում քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ հորաքույրը մահացել է:

Դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խմբի կողմից կատարված զննությամբ տան հյուրասենյակի հատակին հայտնաբերվել է 1939թ. ծնված կնոջ դին՝ պարանոցի և ձեռքերի հատվածներում կտրած-ծակած բազմաթիվ վնասվածքներով:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: 81-ամյա կինը ճանաչվել է տուժող:

Քրեական գործով կատարված քննչական և դատավարական գործողությունների, ինչպես նաև ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տարեց կնոջը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքները պատճառվել են Երևան քաղաքի 43-ամյա բնակչի կողմից, ով ահազանգած քաղաքացու ընկերն է:

Վերջինս ձերբակալվել է և տվել խոստովանական ցուցմունք:

43-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: