Ավտոտնակի միջով՝ տուն. Բնակարանային գողություն Աշտարակի Շահազիզի փողոցում. տեսանյութ

Հեղինակ MediaLab

Փետրվարի 5-ին ոստիկանության Աշտարակի բաժնում բնակարանային գողության վերաբերյալ ահազանգ ստացվեց․ թալանել էին Աշտարակի Շահազիզի փողոցի տներից մեկը։

Ոստիկանությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբերը պարզեցին, որ գողությունը կատարվել է փետրվարի 1-ից 5-ն ընկած ժամանակահատվածում։ Նախ կոտրել էին ավտոտնակի, ապա՝ ավտոնակից տուն տանող դուռը, և գողացել կենցաղային իրեր, այդ թվում՝ նոթբուք։

Դեպքի առթիվ տարածքային քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց, որի շրջանակներում Աշտարակի ոստիկանները ձեռնարկեցին տարաբնույթ օպերատիվ միջոցառումներ՝ պարզելով դեպքի մի շարք հանգամանքներ։ Աշտարակի քրեական հետախույզների տեսադաշտում կասկածանքով հայտնված անձը փետրվարի 23-ի երեկոյան հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց բաժին։

Աշտարակի Խորենացու փողոցում բնակվող 45-ամյա տղամարդը ոստիկանությունից ներկայացվեց Արագածոտնի մարզային քննչական վարչություն ու ձերբակալվել։

Հետագա օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել է գողոնի մի մասը։ Մյուս մասը հայտնաբերելու միջոցառումներն ու հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում են։