Ահաբեկչության դեմ պայքարում բազմակողմ համագործակցությունը լուրջ խոչընդոտների է բախվում. ԱԳ նախարարի տեղակալը՝ ՄԱԿ-ում

Հայաստանի պատվիրակությունը շարունակում է մասնակցել Կիոտոյում ընթացող ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 14-րդ կոնգրեսի աշխատանքներին:

ԱԳՆ լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ մարտի 11-ին, կոնգրեսի շրջանակներում, ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը հանդես է եկել ելույթով՝ ահաբեկչությանը նվիրված օրակարգային կետի ներքո։

Արտակ Ապիտոնյանն իր խոսքում բարձր է գնահատել ՄԱԿ-ի և միջազգային այլ մարմինների գործիքակազմերի դերն ահաբեկչության կանխարգելման և վերացման գործում՝ միաժամանակ ընդգծելով, որ այդ գործիքակազմերի արդյունավետ իրականացումն ու ներդրումն ազգային օրենսդրություններում հնարավոր է պետությունների քաղաքական կամքի առկայության պարագայում։

Արտակ Ապիտոնյանն արձանագրել է, որ ահաբեկչության դեմ պայքարում բազմակողմ համագործակցությունը լուրջ խոչընդոտների է բախվում որոշ երկրների կողմից ահաբեկչության ուղիղ և համակարգված ֆինանսավորման ու լոգիստիկ աջակցության պայմաններում։ 

Նախարարի տեղակալն անդրադարձել է Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում Թուրքիայի անմիջական աջակցությամբ օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ներգրավմանն ու միջազգային հանրության արձագանքին.

«Արցախի դեմ սանձազերծված պատերազմն ի ցույց դրեց օտարերկրյա զինյալ ահաբեկիչների հավաքագրման դեմ պայքարում առկա միջազգային իրավական գործիքների բացերը, մասնավորապես, երբ խոսքը վերաբերում է դրանց կյանքի կոչմանը»։

Արտակ Ապիտոնյանն ընդգծել է ահաբեկչության մեջ ներգրավված, ինչպես նաև զինված հակամարտություններում օտարերկրյա զինյալ ահաբեկիչներ հավաքագրող անձանց հայտնաբերման և պատասխանատվության ենթարկելու գործում միջազգային առավել համապարփակ համագործակցության անհրաժեշտությունը։