Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը կենսաչափական անձնագրեր չի տրամադրում. Դեսպանատունը հերքում է շրջանառվող տեղեկությունները

Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել, որում ասված է. 

«Ի հերքումն շրջանառվող ապատեղեկատվության հայտնում ենք, որ Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը և Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը տեխնիկական հնարավորություն չունեն կենսաչափական (բիոմետրիկ) անձնագիր տրամադրելու համար: ՀՀ պետական տուրքի մասին օրենքի համաձայն, ՀՀ քաղաքացու անձնագրի փոխանակման արժեքը 133 ԱՄՆ դոլար է: Հյուպատոսական հիմնարկներում կանխիկ գումար չի գանձվում:

Ուկրաինայի օրենսդրության համաձայն, բանկում վճարվում է գումարի համարժեքն ուկրաինական հրիվնայով, միջինացված փոխարժեքով, քանի որ ամսվա ընթացքում հրիվնա-դոլար փոխանակման արժեքը էականորեն տատանվում է: Բանկը գանձում է նաև իր միջնորդավճարը:

Յուրաքանչյուր ամիս գումարն ամբողջությամբ փոխանցվում է ՀՀ պետական բյուջե (հյուպատոսական հիմնարկի հաշվեհամարին հավաքված հրիվնայով բորսայից նախապես ձեռք է բերվում ԱՄՆ դոլար): Վճարման մեկ այլ տարբերակն է բանկային քարտով գումարն ուղղակի պետբյուջե փոխանցելը, որն իրականացվում է այդ հնարավորությունն ունեցող քաղաքացիների կողմից: 

Ինչ վերաբերում է ծառայության կատարման ժամկետներին, ապա քաղաքացիները պետք է տեղյակ լինեն, որ անձնագիրը տպագրվում է կենտրոնացված կերպով ՀՀ ոստիկանության ԱՎՎ-ում, երկու ուղղությամբ փաստաթղթերն ուղարկվում են փոստային ծառայության միջոցով՝ ամիսը 2 անգամ: COVID-19 համավարակի պայմաններում փոստային ծառայությունը սովորականից զգալիորեն ավելի դանդաղ է հասցնում դիվանագիտական փոստը:

Ծառայության կատարման ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ժամկետն է 3 ամիսը, սակայն անձնագրերն անվանատերերին են հանձնվում անմիջապես Երևանից ստանալուց հետո՝ հիմնականում ավելի վաղ ժամկետում: Հյուպատոսական ծառայությունների՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված գնացուցակին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով. https://www.mfa.am/hy/fees : 

Կեղծ տեղեկություններ շրջանառողներին դրանք հրապարակելուց առաջ հորդորում ենք տեղեկատվությունը ճշտել անմիջապես դեսպանությունից կամ հյուպատոսությունից՝ հանրությանը չմոլորեցնելու նպատակով»: