Ամփոփվել են COVID- 19-ի դեմ պայքարում կատարված աշխատանքները

Մեկնարկել է «COVID- 19-ի դեմ պայքար, կատարված աշխատանքների ամփոփում» թեմայով երկօրյա գիտաժողովը՝ ԱՆ խորհրդատուների մասնակցությամբ: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ողջունել է ներկաներին, շեշտել, որ չնայած հանկարծահաս մարտահրավերը լուրջ փորձություն էր առողջապահության համակարգի համար, այնուամենայնիվ հնարավոր եղավ արագ համախմբել ուժերը կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում:

Մասնագետները ներկայացրել են Covid- 19-ի դեմ պայքարի շրջանակներում կատարված և իրականացվող աշխատանքները՝ կորոնավիրուսային հիվանդության ժամանակ հակաբիոտիկների կիրառումից մինչև վարակի կանխարգելմանն ուղղված համակարգային մոտեցումները, վիճակագրական տվյալները մեծահասակների և երեխաների շրջանում, ֆինանսական փոխհատուցման մեխանիզմները:

Ընդգծվել է, որ առողջապահության նախարարության կողմից իրականացված աշխատանքները համակարգային ու առանձին ոլորտային մոտեցումներ են պահանջում: Հանդիպման ընթացքում քննարկվել են համավարակի դեմ պայքարի դրույթները՝ թե աշխարհում, թե հանրապետությունում:

Մասնավորապես, պատասխանատուներն անդրադարձել են կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստանյութի ստեղծման, ձեռք բերման խնդիրներին և պատվաստումների գործընթացին։

Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։