Հետազոտությունների բաց մրցույթ. «Հանդուրժողականության և անհանդուրժողականության դրսևորումները հայ գրականության մեջ»

Հետազոտությունների բաց մրցույթ. «Հանդուրժողականության և անհանդուրժողականության դրսևորումները հայ գրականության մեջ»
Հետազոտությունների բաց մրցույթ. «Հանդուրժողականության և անհանդուրժողականության դրսևորումները հայ գրականության մեջ»

Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ)՝ Նիդերլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ իրականացվող «Կրոնական հանդուրժողականության և խտրականության դեմ պայքարի խթանումը Հայաստանում» ծրագրի (Ծրագիր) շրջանակներում հայտարարում է «Հանդուրժողականության և անհանդուրժողականության դրսևորումները հայ գրականության մեջ» խորագրով հետազոտությունների բաց մրցույթ:

Ծրագրի նպատակն է խթանել խտրականության դեմ պայքարը Հայաստանում՝ համապարփակ օրենսդրության մշակմանը, քաղաքացիական հասարակության և Հայաստանի կառավարության շրջանում խտրականության հիմնախնդիրների վերաբերյալ իրազեկության բարձրացմանը և անկողմնակալ լրատվական լուսաբանմանը օժանդակելու միջոցով: Ծրագրի շրջանակներում ԵՀՀ–ն նախատեսում է հետազոտել Հայաստանում հանրության շրջանում առկա խտրականության տարբեր դրսևորումները և նպաստել խտրականության վերաբերյալ կարծրատիպերի քննարկմանն ու հաղթահարմանը, ինչպես նաև հանդուրժողականության ձևավորմանը։

Ծրագրի բաղադրիչներից է հայ գրականության մեջ հանդուրժողականության և/կամ անհանդուրժողականության դրսևորումների վերաբերյալ հետազոտությունների իրականացումը. այս բաղադրիչի  նպատակն է ուսումնասիրել և գիտահանրամատչելի ձևով ներկայացնել, թե որքանով են հայ գրականության մեջ դրսևորվել հանդուրժողականության և/կամ անհանդուրժողականության երևույթները:

Մեթոդաբանություն, լեզու և ծավալ

Աշխատանքը պիտի հանդիսանա վերլուծական կամ որակական հետազոտություն՝ տեքստ(եր)ի հետազոտության, խորքային ուսումնասիրությունների կամ այլ հետազոտական մեթոդների վրա հիմնված որակյալ աշխատանք, լեզուն՝ հայերեն: Ծավալը չպիտի գերազանցի 30 էջը (էջը՝ 1,800 նիշ առանց բառանջատումների)՝  ներառյալ համառոտ ակնարկը, հետազոտության հիմնական արդյունքները, եզրահանգումները և (եթե կան) առաջարկները: Առաջարկները պիտի նվիրված լինեն կամ հայաստանյան մշակույթում հանդուրժողականության մթնոլորտի ձևավորմանը, կամ՝ Ծրագրի շրջանակներում հաջորդ քայլերի վերաբերյալ գաղափարների ներկայացմանը, ելնելով հետազոտության դրույթներից կամ արդյունքներից: Հետազոտությունը պիտի գրված լինի Sylfaen տառատեսակով (Word document), տողերի հեռավորությունը` 1: Հետազոտությանը պիտի կցվի նաև հանրային ելույթի տարբերակ՝ PPT ձևաչափով:

Ծրագրի տևողություն և բյուջե

Ծրագրի տևողությունը 4 ամիս է, յուրաքանչյուր հետազոտության համար տրամադրվող գումարը կազմում է 200-1000 եվրոյին համարժեք դրամ, ընդ որում՝ հաղթող նախագծի հոնորարի վերջնական չափը հանձնաժողովը կառաջարկի հետազոտության նախատեսվող ծավալից, ուսումնասիրության՝ խոստացված խորքայնությունից և բազմակողմանիությունից ելնելով: Մրցույթով նախատեսվում է 3 կամ ավելի հետազոտական աշխատանքի իրականացում:

Ծրագրի ժամանակացույց

Մայիսի 17, 2016թ.  – մրցույթի  հայտարարություն

Մայիսի 23, 2016թ., ժամը 12:00 – կոնսուլտացիա մրցույթին մասնակցել ցանկացող անձանց հետ ԵՀՀ-ում՝ մրցույթի, հետազոտության ակնկալվող արդյունքի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն տրամադրելու նպատակով

Մայիսի 30, 2016թ. – հայտերը ներկայացնելու վերջնաժամկետ

Հունիսի 13, 2016թ. – մրցույթի հաղթողների հայտարարում

Հունիս 20, 2016թ. – ծրագրի մեկնարկ

Օգոստոսի 21, 2016թ. – նյութի նախնական տարբերակի ներկայացում քննարկման համար

Հոկտեմբերի 21, 2016թ. – վերջնական տարբերակի հանձնում:

Մրցույթին կարող են մասնակցել  անհատ հետազոտողները կամ հետազոտող խմբերը: Հետազոտող խմբերի դեպքում հոնորարի չափը չի ավելանում:

Մրցույթին մասնակցելու համար պետք է լրացնել և ներկայացնել մրցույթի մասնակցության հայտադիմումի ուղեցույցի մեջ նշված փաստաթղթերը: Ուղեցույցը կարելի է ներբեռնել այստեղից կամ ստանալ ԵՀՀ գրասենյակից: ԵՀՀ գրասենյակի հասցեն է՝  Երևան, Ազատության պող. 1/21, բն. 23, քարտեզին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ http://www.epfarmenia.am/en/contact-us/ 

Մրցույթի մասնակցության անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը 2016 թ. մայիսի 30-ն է, ժամը 17:00 (GMT +4)։

Ներկայացված հայտերը կուսումնասիրվեն անկախ հանձնաժողովի կողմից: Կարճ ցուցակում հայտնված հայտատուները կհրավիրվեն հարցազրույցի։ Այնուհետև, հաղթողների հետ կստորագրվեն անհատական պայմանագրեր: