Հաշմանդամության գնահատման հիմքում կդրվեն ոչ միայն առողջական խնդիրները, այլև՝ անձի հասարակական կյանքի գործունեության ու մասնակցության միջավայրային գործոններ․ Նախարար

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» և «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվեց Ազգային Ժողովի կողմից։ Այս մասին տեղեկացնում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը։

Ըստ այդմ՝ անհրաժեշտ իրավական հիմքեր են ստեղծվում հաշմանդամություն ունեցող անձանց՝ հասարակական կյանքի բոլոր ոլորտներում հավասար հնարավորությունների և մատչելի պայմանների ստեղծման, խտրական դրսևորումների վերացման, գնահատված կարիքին համարժեք հասցեական ծառայությունների մատուցման համար։

«Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» ՀՀ օրենքով նախատեսվում է բժշկասոցիալական փորձաքննության համակարգից անցում կատարել անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի։ Օրենքի նպատակը հաշմանդամության գնահատման նոր մոդելի ներդրմամբ՝ անձանց գնահատված կարիքներին համարժեք ծառայություններ որոշելն ու մատուցելն է։ Գործող համակարգն ունի առավելապես բժշկական մոտեցում․ բժշկասոցիալական փորձաքննության չափանիշների հիմքում ընկած է հաշմանդամության բժշկական մոդելը։Անձի ֆունկցիոնալության գնահատման արդյունքում հաշմանդամության խմբերի փոխարեն (1-ին, 2-րդ, 3-րդ խումբ և հաշմանդամ երեխա) այսուհետ սահմանվում են անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճաններ՝ թեթև, միջին, ծանր, խորը:

Ըստ այդմ՝ հաշմանդամության գնահատման հիմքում կդրվեն ոչ միայն առողջական խնդիրներն, այլև՝ անձի հասարակական կյանքի գործունեության ու մասնակցության միջավայրային գործոնները։

Անձի ֆունկցիոնալության գնահատումը կիրականացվի այդ նպատակով ստեղծված էլեկտրոնային համակարգի միջոցով․ ռեեստրի ավտոմատացված համակարգը կընտրի էլեկտրոնային վիճակահանությամբ ձևավորված գնահատման հանձնաժողովներին, ինչի արդյունքում կիրականացվի անձի ֆունկցիոնալության գնահատումը։Ի թիվս մի շարք փոփոխությունների՝ հասարակական կազմակերպություններին իրավասություն կվերապահվի իրենց շահառուների օրինական շահերը դատարան ներկայացնել նաև հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում։