Հաղորդումից առաջ արդեն բնակարանային գողությունը բացահայտված էր․ մեկ անձ կալանավորվել է․ տեսանյութ

Մարտի 17-ի երեկոյան ժամը 11-ին, ոստիկանության Կոտայքի բաժին էր դիմել Առինջ գյուղի 25-րդ փողոցի մի բնակիչ ու հաղորդում տվել, որ վերջին տասն օրվա ընթացքում, տեխնիկական միջոց գործադրելով, կտրել են ճաղավանդակը, բացել պատուհանը և խոհանոցից տարել ջեռուցման կաթսա, ննջարանից՝ հագուստ, իսկ գոմից՝ օղի թորելու պղնձյա կաթսա։ Իսկ ինչ էր տեղի ունեցել մինչև այս հաղորդումը։

Ոստիկանության Նաիրիի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Երևանի Մոլդովական փողոցի բնակիչ, 36-ամյա տղամարդը պատրաստվում էր գողություն անել Կոտայքի մարզի Առինջ գյուղում։ Մարտի 17-ի առավոտն էր։

Օպերատիվ տեղեկությունը երկարատև ու մանրակրկիտ աշխատանքի արդյունք էր, բայց արդեն եկել էր արագ գործելու ժամանակը։ Տեղեկությունը ստուգելու և հնարավոր հանցագործությունը կանխելու կամ թարմ հետքերով բացահայտելու գործին միացան բաժնի քրեական հետախույզները, նաև Կոտայքի մարզային վարչության և Կոտայքի բաժնի ծառայողներ։

Օպերատիվ-հետախուզական համատեղ միջոցառումներով հաջողվել էր պարզել գրեթե ամեն ինչ, միակ հարցը, որ մնացել էր անպատասխան, այն էր, թե Առինջ գյուղի ո՞ր տնից էր կատարվելու գողություն։ Բացահայտ գործողությունները բացառվում էին, հատկապես գյուղական վայրերում նկատելի է ամեն մի շարժ։ Գործը տրամաբանական ավարտին հասցնելու համար մշակվեց ծրագիր, որի արդյունավետությունն ապացուցվեց արդեն երեկոյան ժամը 10-ն անց տասին։

Հենց այդ ժամին, գաղտնի հետապնդումից հետո, մայրաքաղաքի Թևոսյան փողոցում կանգնեցվել էր կասկածելի «Մերսեդեսը»։ Վարորդն ու ուղևորը, նույն ինքը՝ Մոլդովական փողոցի բնակիչ, 36-ամյա տղամարդը, մեքենայով հանդերձ, բնակարանային գողություն կատարելու կասկածանքով բերման էին ենթարկվել ոստիկանության Նաիրիի բաժին, ապա նաև ներկայացվել Կոտայքի քննչական բաժին։ Գողոնը մեքենայում էր։

Փաստորեն, հաղորդումից առաջ գողությունն արդեն բացահայտված էր։
Կոտայքի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, Մոլդովական փողոցի 36-ամյա բնակիչը կալանավորված է, դեպքի հանգամանքները պարզվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։