Սա վերջին մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ դեպքն է, երբ Ադրբեջանի կողմից կոպտորեն խախտվում է ձեռք բերված եռակողմ հայտարարությունը․ Արցախի ՄԻՊ

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը Ֆեյսբուքի էջում գրել է․

Սոցիալական ցանցերում տեղեկատվություն է տարածվել, որ երեկ գիշերը՝ ժամը 01:30-ին, Ստեփանակերտ-Գորիս ճանապարհին ադրբեջանցիները քարեր են նետել զոհված զինծառայողների մարմինները տեղափոխող մեքենայի վրա, ջարդել ապակիները: Արցախի մարդու իրավունքների պաշտպանը կապ է հաստատել մեքենայի վարորդի հետ:

Վերջինիս փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել «Շուշի» ենթակայանից մոտավոր երկու կիլոմետր դեպի Բերձոր (Շուշի-Լիսագոր) հատվածում: Ուժեղ մառախուղի պատճառով վարորդը չի տեսել, թե ով է հարվածողը, սակայն իր փոխանցմամբ հարվածները եղել են դիմահար, ինչը նվազեցնում է ճանապարհի մերձակա ժայռերից քարաթափման հետևանքով մեքենան վնասվելու հնարավորությունը:

Հաշվի առնելով, որ դեպքը արձանագրվել է Շուշի քաղաքի մերձակայքում, բարձր է հավանականությունը, որ մեքենան քարկոծվել է ադրբեջանցիների կողմից: Այդ պարագայում, սա վերջին մեկ շաբաթվա ընթացքում զանգվածային լրատվամիջոցներով հրապարակված երկրորդ դեպքն է, երբ Ադրբեջանի կողմից կոպտորեն խախտվում է քաղաքական ամենաբարձր մակարդակով ձեռք բերված եռակողմ հայտարարությունը՝ սպառնալիք հարուցելով ԱՀ և ՀՀ քաղաքացիների ֆիզիկական անվտանգությանն ու գույքին:

Կարևոր է ընգծել նաև, որ մեքենան տեղափոխում էր զոհված զինծառայողների մարմիններ, այսինքն՝ իրականացնում էր հումանիտար գործառույթ: Մարդու իրավունքների պաշտպանը Արցախի Հանրապետության իրավապահ մարմինների ուշադրությունն է հրավիրում արձանագրված դեպքին և կոչ անում իրականացնել բազմակողմանի քննություն՝ միջադեպի հանգամանքները բացահայտելու նպատակով: