Ստեփանակերտի իրացման կետերում մարտի 15-ի դրությամբ կրկին արձանագրվել է բենզինի և դիզվառելիքի միջին գների աճ՝20-30 դրամի չափով: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Արցախի հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի հրապարակած տեղեկագրից:
Մասնավորապես՝ ռեգուլյար տեսակի բենզինի 1 լիտրի միջին գինը մարտի 8-ի՝ 430 դրամի փոխարեն, մարտի 15-ին կազմել է 450 դրամ, իսկ դիզվառելիքի 1 լիտրի միջին գինը 420 դրամից աճել է 450 դրամի: Ստեփանակերտի 20 առևտրային օբյեկտներում Տնտեսական մրցակցության պաշտպանության բաժնի աշխատակիցների դիտանցման արդյունքում՝ արձանագրվել է նաև շաքարավազի միջին գների աճ, որի 1 կիլոգրամը մարտի 15-ի դրությամբ կազմել է 399 դրամ՝ 394 դրամի փոխարեն:
Նախորդ դիտանցման համեմատ առաջին անհրաժեշտության սննդային ապրանքատեսակներից աճել է նաև՝ ձավարի միջին գինը՝ 1 կգ-ն 332 դրամ՝ 303 դրամի փոխարեն, տեղական արտադրության «Ոսկե կաթիլ» ձեթը 988 դրամ՝918 դրամի փոխարեն: Նվազել է հնդկաձավարի գինը՝ կազմելով 647 դրամ՝ 652 դրամի փոխարեն: