Այս օրը լավ հնարավորություն է, որ ՀՀ քաղաքացին վերաիմաստավորի Սահմանադրության, ինքնիշխան պետականության բարձր արժեքը․ ՍԴ նախագահի ուղերձը

Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի ուղերձը Սահմանադրության եւ պետական խորհրդանիշների օրվա առթիվ․

Հայաստանի Հանրապետության հարգելի՛ քաղաքացիներ,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրվա կապակցությամբ։

Սահմանադրությունն ինքնին որոշակի հասարակական դաշինքի դրսևորում է, որը խարսխված է տվյալ հասարակության անդամների փոխհամաձայնության վրա: Ժողովրդավարական պետությունում Սահմանադրությունն արժեքների, սկզբունքների, հակակշիռների ու փոխզսպումների համակարգ նախատեսող ակտ է, հանրային կյանքի կազմակերպման և տնտեսական բարգավաճման ուղեցույց: Մեր Սահմանադրությունն արտացոլում է այն ժողովրդավարական ու համամարդկային արժեքները, որոնց առաջնային երաշխավորողը մենք ենք՝ որպես անհատներ, և այն նվիրական նպատակները, որոնց ձգտում է մեր հասարակությունը: Սահմանադրությունը երաշխավորում է այն բոլոր ազատությունները և իրավունքները, որոնցից առօրյա կյանքում՝ անձնական և հանրային գործունեության տարբեր բնագավառներում օգտվում է մեզնից յուրաքանչյուրը։

Մայր օրենքի նախաբանն ամրագրել է հայ ժողովրդի նվիրական ձգտումը՝ հզորացնել ինքնիշխան պետականությունը, ապահովել սերունդների ազատությունը և քաղաքացիական համերաշխությունը։ Կարծում եմ, որ Անկախության հռչակագրում ու Սահմանադրության նախաբանում հաստատագրված սկզբունքներն ու համազգային նպատակները պետք է լինեն այն բարոյական և իրավաքաղաքական կարևոր ուղենիշը, որն այսօր առավել քան երբևէ պետք է ծառայի որպես մեր հասարակական կյանքի ու քաղաքացիական համերաշխության ապահովման առանցքային ելակետ։ Ուստի յուրաքանչյուրիս առաքելությունը պետք է լինի ոչ միայն Սահմանադրությամբ ամրագրված արժեքների և համազգային նպատակների ճանաչումը, այլև դրանք մեր ամենօրյա կյանքի ու կենսակերպի բաղկացուցիչ տարր դարձնելը:

Այս օրը լավ հնարավորություն է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին վերաիմաստավորի Սահմանադրության, ինքնիշխան պետականության և ազգային միասնականության բարձր արժեքը։ Հենց այդ վերաիմաստավորումը պետք է լինի մեր Հայրենիքի հզորացմանը և բարգավաճմանը, սերունդների ազատությանը և ընդհանուր բարեկեցությանը հասցնող ուղին։

Աստված պահապան մեր Հայրենիքին և բոլորիս։

ԱՐՄԱՆ ԴԻԼԱՆՅԱՆ
Սահմանադրական դատարանի նախագահ