Ալիևի՞ն եք ձայնակցում․ ո՞նց կարող է հայ մարդը հարվածել իր պետությանը, հուսով եմ՝ Քոչարյանը չի հասկանում․ Արման Եղոյան

Factor TV-ի հարցազրույցը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանի հետ

-Պարո՛ն Եղոյան, վերջին շրջանում տարատեսակ հայտարարություններ արվեցին Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ։ Հստակեցնենք՝ արդյո՞ք Հայաստանը պատրաստվում է պաշտոնական հարաբերություն հաստատել Թուրքիայի հետ։

-Տեսեք՝ իրավիճակը հետևյալն է, հարցը դրված է հետևյալ կերպ՝ Հայաստանը պետք է Թուրքիայի հետ շփվի միջնորդավորվա՞ծ, թե՞ չմիջնորդավորված։ Միջնորդավորվածի դեպքում խոսում ես մեկի հետ, ով իր հերթին խոսում է թուրքերի հետ, հետո՝ նրանց ասածը փոխանցում է քեզ և այդպես շարունակ։ Հարցն այն է, որ միջնորդավորված շփումը միշտ ավելի պակաս արդյունավետ է, քան ուղղակի, չմիջնորդավորված շփումը։ Հիմա հարցն այնպես չի դրված՝ մենք շփվե՞նք, թե՞ չշփվենք Թուրքիայի հետ։ Թուրքիան այսօր մտել է տարածաշրջան և, օրինակ, երբ մենք քննարկում ենք Արցախի հարցի որևէ էլեմենտ, մենք ուզած, թե չուզած, անուղղակիորեն շփվում ենք թուրքերի հետ, որովհետև իրենց տեսակետն էլ է հաշվի առնվում այդ քննարկման կոնտեքստում։ Եվ նույնիսկ եթե մենք հետևենք Ռուսաստանի պաշտպանության նախարար Շոյգուի խորհրդին, որ ժամանակն է՝ հայերն ու ադրբեջանցիները անցնեն երկկողմ, չմիջնորդավորված շփման, և անցնենք ուղղակի շփման Ադրբեջանի հետ, կստացվի, որ մենք այդ ժամանակ էլ միջնորդավորված շփվում ենք Թուրքիայի հետ։