Գրավոր ընթացակարգ՝ վարչական դատավարության մի շարք գործերի քննության համար

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 7-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվեց Կառավարության հեղինակած ««ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Գրիգորյանը, ներկայացնելով առաջարկվող փոփոխությունները, նշեց, որ դրանք միտված են Վարչական եւ Վերաքննիչ վարչական դատարանների ծանրաբեռնվածությունը նվազեցնելուն՝ նպաստելով ողջամիտ ժամկետում գործերի քննությանը:

Բանավոր դատաքննության անհրաժեշտությունը վերանում է հատկապես Ճանապարհային ոստիկանության կայացրած տուգանքների որոշումները բողոքարկելու եւ Երեւանի քաղաքապետարանի դեմ հայցերի քննության ժամանակ, որոնց դեպքում կողմերի մասնակցությունը հիմնականում չի ապահովվում: Ավելացել են նաեւ պետական, տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց պաշտոնատար անձանց ակտերն անվավեր ճանաչելու իրավահարաբերությունների վերաբերյալ վարչական գործերի թիվը:

Գործող օրենսգրքերով վարչական գործերի քննության համար գրավոր կամ պարզեցված կարգ նախատեսված չէ, ինչը շարունակաբար հանգեցրել է դատարանների ծանրաբեռնվածության մեծացմանը: Ուստի, առաջարկվում է վերոնշյալ գործերի քննության համար վարչական դատավարությունում ներդնել գրավոր ընթացակարգ:

Փոխնախարարը տեղեկացրեց, որ օրենքի նախագծի մշակման փուլում ուսումնասիրվել է միջազգային փորձը, մասնավորապես Գերմանիայի, Էստոնիայի, ՌԴ-ի եւ Լեհաստանի:

Հարակից զեկուցող Արթուր Դավթյանը, կարեւորելով օրինագծի անհրաժեշտությունը, հորդորեց գործընկերներին կողմ քվեարկել:

Օրենքի նախագիծը ստացավ դրական եզրակացություն: