Պեկինի շուկայում հայտնաբերված կորոնավիրուսն ավելի հին է, քան եվրոպական շտամները.հայտնում է Չինաստանը

Պեկինի «Սինֆադի» մեծածախ շուկայում հայտնաբերված կորոնավիրուսային նմուշների գենոմի վերլուծությունը վկայել է այն մասին, որ դրանք ավելի հին են, քան Եվրոպայում ներկայումս սովորական շտամները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` չինացի համաճարակաբան Լյու Ցզյունի հայտարարությունը մեջբերել է ՏԱՍՍ-ը:

«Նախևառաջ իրականացվում է վարակի գենոմի հաջորդական ուսումնասիրություն, որից հետո կիրառվում են բիոինֆորմատիկայի վերլուծական մեթոդներ: Դիտարկվում են երկու տարբեր վարակներ և ուսումնասիրվում, թե որի մոտ է առկա ավելի շատ մուտացիա: Սովորաբար, որն ունի ավելի շատ մուտացիաներ, ուրեմն այն համեմատաբար ավելի նոր վարակ է, իսկ մյուսն  ավելի հին, առաջնային վարակ է: Վարակի շրջանառությունը ևս պայմանավորված է դրա սկզբնավորման ժամանակաշրջանով: Բացի այդ, կան նաև որոշակի ալգորիթմներով մաթեմատիկական մոդելների գնահատումներ»,- Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական վերահսկողական հանձնաժողովի կայքում մեջբերվել են մասնագետի խոսքերը:

«Ըստ գենոմի նախնական ուսումնասիրության՝ Պեկինի շուկայի այս վարակը եկել է Եվրոպայից, բայց այն որոշակի տարբերություններ ունի եվրոպական երկրներում հանդիպող շտամներից: Այն ավելի հին է, քան ժամանակակից եվրոպական շտամները»,- նշել է մասնագետը:

Հետազոտողը նաև հավելել է, որ բավական դժվար է ճշգրտել կորոնավիրուսի անցած հետագիծը: «Դրա համար շատ հնարավորություններ կան: Օրինակ` վարակը կարող է պահպանվել սառեցված սննդի մեջ: Փոխադրման ընթացքում սառեցված վիճակում գտնվելիս վարակը չէր կարող զարգանալ, ուստի այն մուտացիայի չի ենթարկվել»,- հաստատել է Լյու Ցզյունը:

Չինաստանում համաճարակի բռնկման ժամանակ Լյու Ցզյունը ղեկավարել է Հուբեյի նահանգում կորոնավիրուսը հետազոտող գիտնականների մի խումբ և մոտ 20 անգամ այցելել է Ուհանի ծովամթերքների շուկա, որից սկսվել է բռնկումը Չինաստանում: Ներկայում հետազոտողն ու նրա խումբն ուսումնասիրում են Պեկինի կորոնավիրուսը. Լյու Ցզյունն արդեն երեք անգամ գնացել է «Սինֆադի» մեծածախ շուկա` նմուշառման համար:

Ավելի վաղ պարզվել էր, որ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության զանգվածային հիվանդությունների տարածման վերահսկման և կանխարգելման կենտրոնը հրապարակել է  «Սինֆադի» շուկայից կորոնավիրուսային գենոմի հաջորդականության վերլուծությունը: Նշվում է, որ հունիսի 18-ի երեկոյան համապատասխան տվյալները տրամադրվել են Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը:

Ավելի վաղ չինացի համաճարակաբանները պնդում էին, որ վարակի այս շտամի գենոմի նախնական վերլուծությունը ենթադրում է, որ այն բերել են Չինաստան եվրոպական երկրներից: Միևնույն ժամանակ, փորձագետները կարծում են, որ դրա վարակային լինելու մակարդակն ավելի բարձր է, քան Ուհանի շտամինը: 

Չինացի մասնագետները հայտնաբերել են, որ կորոնավիրուսային նմուշների ամենամեծ քանակությունը ծովամթերքների, տավարի և ոչխարի մսերի մակերեսներին էր: Ախտանիշներ հիմնականում նկատվել են շուկայի աշխատողների և նրանց գնորդների մոտ: Ըստ համաճարակաբանների` ցածր ջերմաստիճանը և բարձր խոնավությունը նպաստում են, որ կորոնավիրուսի տարրերն ավելի երկար մնան մակերեսների վրա: Հետազոտողները բացատրում են Ուհանում և Պեկինում բռնկման նույն սցենարը` երկու դեպքում էլ դեպքերի մեծ մասը հայտնաբերվել է ծովամթերքների շուկաներում աշխատողների և նրանց շփման շրջանակը կազմող մարդկանց մոտ: