«AstraZeneca»-ից Հայաստանում մարդ չի մահացել. ԱՆ-ն հերքում է Hayeli.am-ի լուրը

«Անդրադառնալով Hayeli.am-ի տարածած «Հայաստանում «AstraZeneca» պատվաստանյութից մարդ է մահացել» վերտառությամբ հոդվածին, առողջապահության նախարարությունը պաշտոնապես հերքում է»,- այս մասին տեղեկանում ենք նախարարության Ֆեյսբուքի էջից:

«Գերատեսչությունը հորդորում է լրատվամիջոցին զերծ մնալ սուտ լուրեր տարածելուց։ Հիշեցնենք, որ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ «ԱստրաԶենեկա» (AstraZeneca, ChAdOx1 S (recombinant)) պատվաստումները մեկնարկել են ապրիլի 13-ին։

Հանրապետությունում ապրիլի 14-ին, երկու օրվա կտրվածքով, իրականացվել է 60 անձի պատվաստում: Բոլորի ինքնազգացողությունը բավարար է, և լուրջ հետպատվաստումային բարդություններ չեն գրանցվել։

Լրատվամիջոցն այս անդրադարձով տարածում է ապատեղեկատվություն՝ բնակչության շրջանում վախի մթնոլորտ ձևավորելու և պատվաստումային գործընթացը տապալելու նպատակով։

Առողջապահության նախարարությունը մտադիր է դիմել ԱԱԾ և ոստիկանություն’ նման ստահոդ տեղեկություններով հասարակությանը մոլորեցնելու նպատակը պարզելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ: