Ինչ չէր հերքում վարչապետը, հիմա հերքում է․ ԳՇ պետը զեկուցե՞լ է, թե՞ ոչ. Fip.am

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 14-ին Ազգային ժողովում հայտարարեց, որ Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի այն հայտարարությունը, թե ինքը պատերազմի 4-րդ օրը Անվտանգության խորհրդի նիստում հայտնել է 2-3 օրվա ընթացքում պատերազմը կանգնեցնելու անհրաժեշտության մասին, չի համապատասխանում իրականությանը։

«Ուզում եմ այս ամբիոնից պատասխանատու ասել, պատասխանատու և պաշտոնապես արձանագրել, որ Օնիկ Գասպարյանի՝ նոյեմբերի 17-ի հայտարարության այդ կետը իրականության հետ որևէ աղերս և առնչություն չունի։ Չի՛ ասել Գլխավոր շտաբի պետը նման բան, դա արձանագրված է պաշտոնապես։ Այդ թվում՝ ձայնագրությամբ է արձանագրված»,- Ազգային ժողովում կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի ընթացքում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 17-ին Օնիկ Գասպարյանն ուղերձ էր հղել՝ անդրադառնալով 44-օրյա պատերազմին և դրան նախորդած դեպքերին։ «Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ես ներկայացրեցի մեր կորուստները և ստեղծված իրադրության վերաբերյալ զինված ուժերի գնահատականը` նշելով, որ 2-3 օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար, հակառակ դեպքում այս ինտենսիվությամբ վարվող մարտական գործողությունների պարագայում մեր ռեսուրսները սեղմ ժամկետում կսպառվեն և յուրաքանչյուր հաջորդ օրերի ընթացքում ունենալու ենք բանակցային գործընթացի համար ավելի ոչ բարենպաստ պայմաններ»,- հայտարարել էր Գասպարյանը։

Ինչ էր ասում Նիկոլ Փաշինյանը նախկինում

2020 թ. դեկտեմբերի 16-ին Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցում վարչապետը կրկին անդրադարձել էր Օնիկ Գասպարյանի այդ հայտարարությանը՝ Փաշինյանը փաստացի չէր հերքել, որ նման բան է զեկուցվել։ 

Լրագրողի հարցին, թե պատերազմի 4-րդ օրը արդեն գիտեինք, որ պարտվում ենք և Գլխավոր շտաբի պետը զեկուցում էր, տրամաբանական չէ՞ր գնալ այդ որոշմանը, վարչապետը պատասխանել էր․ «Դրանից հետո մենք որոշակի միջոցներ ենք ձեռնարկել: Միջոցներ ենք ձեռնարկել մեր սպառազինությունը համալրելու ուղղությամբ, զենք ձեռք բերելու ուղղությամբ, զենք ներկրելու ուղղությամբ: Մենք միջոցներ ենք ձեռնարկել կոնկրետ, որպեսզի սպառազինության, տեխնիկայի կորուստները համալրվեն: Եվ սպառազինության և տեխնիկայի կորուստները համալրվել են որոշակիորեն»։https://www.youtube.com/embed/dU6lJPibALs?feature=oembed

Վարչապետի հերքմանն արձագանքեց ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը, որը Armlur.am-ի հետ զրույցում վերահաստատեց իր ուղերձում ասված խոսքերը։ «Ես կրկին հաստատում եմ նոյեմբերի 17-ին իմ կողմից կատարված հայտարարությունը։ […] ԱԽ նիստերի արձանագրությունները կարող են կեղծվել և ներկայացվել իրենց համար ցանկալի տարբերակով»,- ասել է նա։

Ի պատասխան Օնիկ Գասպարյանի այս հայտարարության՝ վարչապետը հայտնեց, կդիտարկեն Անվտանգության խորհուրդի նիստի արձանագրության համապատասխան հատվածը գաղտնազերծելու և հրապարակելու հնարավորությունը։ 

«Փաստերի ստուգման հարթակը» վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանին խնդրեց պարզաբանել, թե ինչու վարչապետը նախկինում չէր հերքում, ավելին՝ իր պատասխանով հաստատում էր ԳՇ նախկին պետի հայտարարության գոյությունը։ Գևորգյանը պատասխանեց, որ Փաշինյանի խոսքով՝ զեկույցում նման բան չի ասվել, և ինքը վարչապետի ելույթը մեկնաբանելու կամ ավելացնելու անհրաժեշտություն չի տեսնում։

Փաստացի՝ վարչապետը դեկտեմբերի 16-ին չէր հերքում, որ պատերազմի 4-րդ օրը Գլխավոր շտաբի պետն Անվտանգության խորհրդում հայտնել է 2-3 օրվա ընթացքում պատերազմը կանգնեցնելու անհրաժեշտության մասին, սակայն ամիսներ անց հայտարարում է, որ նման բան չի եղել։

Սևադա Ղազարյան 

Fip.am