Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով Դոնի Ռոստովում է

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով առաջին անգամ գտնվում է Դոնի Ռոստովում:

Հանձնակատարի գրասենյակից տեղեկացնում են, որ այցի նպատակն է հանդիպել համայնքային ակտիվիստների հետ, այցելել հայկական կենտրոններ և ներկա գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված առաջին մեծ մուլտիմեդիա ցուցահանդեսին:

Ըստ աղբյուրի, այսօր Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այցելել է Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսություն, որի ընթացքում հանձնակատարին է ներկայացվել Ռուսաստանի հարավային մասի հայ համայնքի հետ հյուպատոսության աշխատանքը, խնդիրները, ինչպես նաև Հայաստանի հետ մշակութային-հասարակական համագործակցությունը:

 Գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանի և հայ համայնքի ղեկավար Հարություն Սուրմալյանի ուղեկցությամբ Զարեհ Սինանյանն այցելել է «Բարեկամության զբոսայգի», որտեղ մայիսի 5-ին հանդիսավոր արարողությամբ կբացվի մարշալ Հովհաննես Բաղրամյանի կիսանդրին:

Այնուհետ Գլխավոր հանձնակատարն այցելել է 18-րդ դարում կառուցված Սբ. Խաչ հայկական եկեղեցի, որն առաջին քարակերտ շինությունն է տարածաշրջանում և ունի ՌԴ ֆեդերալ նշանակության հուշարձանի կարգավիճակ։