Սյունիքի Ներքին Հանդ և Կաղնուտ բնակավայրերի բնակիչները ստացան գյուղատնտեսական մոտոբլոկներ

Սյունիքի մարզի սահմանամերձ Ներքին Հանդ և Կաղնուտ բնակավայրերում մշտապես բնակվող ընտանիքներին տրամադրվեցին տնկիներ և գյուղատնտեսական մոտոբլոկներ:

«Արմենպրես»ի փոխանցմամբ` ծրագիրն իրականացնում է կառավարության կողմից ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խումբը` «Աջակցություն Հայաստանին» նախաձեռնության հետ համագործակցությամբ:

«Վարչապետի որոշմամբ ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որի շրջանակում փորձագիտական խմբի հետ շրջել ենք Սյունիքի տարբեր գյուղերում, փորձել բնակիչների հետ հասկանալ իրենց խնդիրներն ու առաջնահերթությունները: Քննարկումների արդյունքում որոշվեց բնակչներին տրամադրել տնկիներ և փոքր տնտեսությունների համար նախատեսված մոտոբլոկներ` իրենց կցամասերով, որոնցով հնարավոր է մշակել մինչև 3 հա տարածք»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը:

Ղուկասյանը նշեց, որ ծրագրի նպատակն առանձին տնտեսություններն ուժեղացնելն է:

«Սա օգնություն չէ, զարգացմանն ուղղված ծրագիր է: Մենք օգնություններ չենք տալիս, մենք զարգացման ենք տանում փոքր գյուղերև և փորձում ենք այնպես անել, որ փոքր գյուղերն ամբողջությամբ տանենք մեխանիզացման»,- նշեց վարչապետի խորհրդականը: