Մահապատժի դատավճիռ՝ մեկ ցուցմունքով

Մահապատժի դատավճիռ՝ մեկ ցուցմունքով
Մահապատժի դատավճիռ՝ մեկ ցուցմունքով

Արամ Հարությունյանի և Մհեր Ենոքյանի վերաբերյալ 21 տարվա վաղեմության քրեական գործի մասին, թվում է` գրվել ու ասվել է ամեն ինչ. թեր ու դեմ կարծիքներ, գնահատականներ: Սակայն մենք փորձել ենք փաստերով ցույց տալ, թե ինչի վրա է հիմնվել դատարանը դատավճիռ կայացնելիս և ինչ խախտումներ է թույլ տվել հենց դատավճռում:

10 սխալ պատկերացում

Կա սխալ պատկերացում, թե Բժշկական ինստիտուտի ուսանող Իոսիֆ Աղաջանովի սպանության գործով եղել է մեկ մեղադրյալ, որն էլ մինչ օրս բանտում է՝ Մհեր Ենոքյանը: Մինչդեռ Գերագույն դատարանի 1996 թ-ի նոյեմբերի 29-ի դատավճռով Իոսիֆ Աղաջանովի սպանության մեջ մեղադրվել է նաև Մհեր Ենոքյանի եղբոր դասընկեր Արամ Հարությունյանը՝ դատապարտվելով 15 տարվա ազատազրկման: Նա 6 տարի է՝ ազատության մեջ է: Դատարանում Արամ Հարությունյանն իրեն մեղավոր է ճանաչել: Մհեր Ենոքյանն իրեն մեղավոր չի ճանաչել, դատապարտվել է նույն  հոդվածով՝ մահապատժի, մինչ օրս պայքարում է քրեական գործի վերաբացման համար:

Արամ Հարությունյանը հայտնել է իր կողմից կատարած սպանության մասին

Քրեական գործը հարուցվել է Արամ Հարությունյանի հաղորդման հիման վրա, ըստ որի՝ ինքն իրենց բնակարանում 1996-ի հուլիսի 12-ին սպանել է Իոսիֆ Աղաջանովին: Սակայն այս փաստաթուղթը դատարանի կողմից ուշադրության չի արժանացել:

Արամ Հարությունյանի 4 իրարամերժ ցուցմունքները

Ողջ մեղադրանքը և դատավճիռը հիմնված է Արամ Հարությունյանի չորս անգամ փոփոխված, իրարամերժ ցուցմունքներից վերջինի վրա: Եթե դատավճռից հանենք Հարությունյանի ցուցմունքը, գործը կփլուզվի: Ամեն ցուցմունքի տակ նա գրել է. «Ցուցմունքս ճիշտ է, որի համար ստորագրում եմ»: Առաջին ցուցմունքներում Արամ Հարությունյանը նշել է, որ իրենց տանը վեճ է ծագել տուժող Իոսիֆ Աղաջանովի և իր միջև: Ասել է՝ ես չեմ տեսել, որ Մհերը որևէ իրով կամ առարկայով քաշքշուկի ժամանակ կամ այլ պահերին խփած լինի Իոսիֆի գլխին կամ մեջքին: Երկրորդ ցուցմունքում Արամ Հարությունյանը նշել է՝ ես շատ կատաղած էի և չեմ հիշում՝ ինչպես  դանակով հարվածեցի Իոսիֆին և կտրեցի կոկորդը: Վարույթը մի քանի օր անց ոստիկանության Խորհրդային բաժնից անհայտ պատճառներով տեղափոխվել է գլխավոր դատախազություն, և Արամ Հարությունյանը սկսել է լրացուցիչ ցուցմունքներ է տալ՝ փոխելով սպանության մոտիվը շահադիտականի, իբր տուժողի հորից դիակի տեղն ասելու համար պետք է 20.000 դոլար պահանջեին: Հարությունյանը Ենոքյանին է վերագրել հանցագործությունը կազմակերպելու գործն ու բացովի բանալու հարվածները ու ազատել ինքն իրեն ծանրագույն պատժից: Ենոքյանը սկզբից մինչև վերջ տվել է միևնույն ցուցմունքը, թե փորձել է բաժանել Արամին և Իոսիֆին, սակայն դա նրան չի հաջողվել: Դատարանն ի վերջո արժանահավատ է համարել Արամ Հարությունյանի վերջին ցուցմունքը, նշելով՝ այն մանրամասն է: Սակայն մանրամասն ցուցմունքը իրավական կատեգորիա չէ:

Տարօրինակ շտապողականություն

Կա սխալ պատկերացում, թե կատարվել է լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն: Այնինչ նախաքննությունը տևել է 2 ամիս: Նույնքան էլ տևել է դատաքննությունը: Ենոքյանին վերագրվել է լիդերի դեր՝ առանց դատահոգեբանական, հոգեբուժական համալիր փորձաքննություն: Իրեղեն ապացույցների վրայի մատնահետքերն անգամ չեն ստուգվել: Քննչական փորձարարություն չի կատարվել՝ պարզելու՝ արդյոք Արամի ցուցմունքը իրականության մեջ հնարավոր էր, թե ոչ: Չի կատարվել համալիր փորձաքննություն, հողագիտական, հետքաբանական, մանրաթելերի, եղունգների, մազերի և այլն: Նման շտապողականության մեջ ոչ մի ապացույց ձեռք չի բերվել ու չէր կարող ձեռք բերվել:

Ճնշում դատարանի վրա

Երեքհատորյակից առնվազն մեկ հատորը ոչ թե գործով ձեռքբերված ապացույցներ են, այլ տարբեր բուհերի ուսանողների ու պրոֆեսորների ստորագրություններ: Կա նաև Բժշկական համալսարանի այն ժամանակվա ռեկտորի ստորագրությունը: Նրանք պահանջել են ոչ թե արդար դատաքննություն, այլ ծանրագույն պատիժ: 

Ճնշում՝ անգամ Մոսկվայից

Գործում կա նամակ ՌԴ նախագահ Ելցինին կից գործող Մարդու իրավունքների հանձնաժողովից՝  ուղղված ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին դեռ նախաքննության փուլում: Թե ինչպես և ինչու է նախագահական մուտքագրված նամակը տեղ գտել քրեական գործի նյութերի մեջ, մնում է ենթադրել:

Դին չի մասնատվել

21 տարի շարունակ տարբեր կերպ տարածվել է այն կեղծիքը, թե իբր Իոսիֆ Աղաջանովի դին մասնատվել է: Նման սուտը հերքվում է դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ, դրան կից լուսանկարչական հավելվածով: 20 տարի անց ոստիկանության արխիվից հրապարակվել է տեսանյութ, որը ևս վկայում է՝ դին չի մասնատվել: Փոխարենը նույն տեսանյութից պարզ է դառնում՝ դիակի հայտնաբերման վայրում ապացույցները ոչնչացվել են՝ ոտնահետքեր, քարերի ու հողի վրայի հետքեր, դեպքի վայրը չի առանձնացվել ժապավենով, ոստիկանության Խորհրդային բաժնում դեռ դատավարական կարգավիճակ չունեցող անձանց նկարահանել են առանց փաստաբանների ներկայության, ինչը անմեղության կանխավարկածի խախտում է: Հետևաբար դա չի ճանաչվել ու չէր կարող ճանաչվել որպես ապացույց: Ի դեպ, տեսանյութը սոցիալական ցանցում հրապարակվել է մոնտաժված՝ առանց Արամ Հարությունյանի հատվածների՝ դարձյալ տպավորություն ստեղծելով, որ այս գործում կա միայն մեկ մեղադրյալ: Փաստորեն՝ ոստիկանությունը քրեական գործերով իրեղեն ապացույցները պահպանելու փոխարեն, տասնյակ տարիներ տեսանյութեր է պահում: 

Վզի խորը թափանցող հարվածը հասցրել է Արամ Հարությունյանը

Դատարանը հաստատված է համարել, որ Իոսիֆ Աղաջանովի պարանոցի խորը թափանցող վնասվածքը դանակով հասցրել է Արամ Հարությունյանը:

Որևէ պայուսակ չի գտնվել

Արամի ասած պայուսակը, իբր, որով նրանց տնից դուրս է բերվել Իոսիֆ Աղաջանովի դին, իրականում գոյություն չունի: Գործում առկա է աղբարկղը զննելու մասին արձանագրությունը, որով պարզ է դառնում՝ այն չի հայտնաբերվել: Այսինքն, գոյություն չունեցող իրեղեն ապացույցը դրվել է դատավճռի հիմքում:

Իրեղեն ապացույցները ներկայացրել է Արամ Հարությունյանը

Թեպետ Արամ Հարությունյանը ցուցմունքներում նշում է, որ մատիտ սրելու, ինքնաշեն դանակով է հասցրել վնասվածքները, այնուամենայնիվ ոստիկանության Խորհրդային բաժին է ներկայացրել խոհանոցային դանակ՝ մաքուր վիճակում: Չեն ստուգվել անգամ դրանց վրա առկա մատնահետքերը: Ներկայացվել է նաև հագուստ ու կոշիկ, որոնցից և ոչ մեկը չի պատկանել Մհեր Ենոքյանին: Արամ Հարությունյանի երկու շալվարների վրա հայտնաբերվել է արյուն: Իրեղեն ապացույցները դատավճռից հետո ոչնչացվել են, ինչպես արվել ու արվում է Հայաստանում բոլոր քրեական գործերով:

Տուժողի իրավահաջորդի կասկածները չեն փարատվել

Քրեական գործում կա տուժողի հոր՝ Միքայել Աղաջանովի նամակն՝ ուղղված գլխավոր դատախազ Արտավազդ Գևորգյանին՝ գրված 1996-ի օգոստոսի 8-ին, երբ արդեն Արամ Հարությունյանը փոխել էր հանցագործության շարժառիթը: Սպանված Իոսիֆ Աղաջանովի հայրը գրել է՝ պարզ չէ սպանության մոտիվը, չեն հայտնաբերվել բոլոր մասնակիցները: Հարց է բարձրացնում, որ որդուն միգուցե հրել են մեքենայի մեջ, ուրեմն եղել են այլ մասնակիցներ: Սակայն շատ շուտով համաձայնվում է դատավճռով հաստատված համարված՝ իր որդու կոկորդը կտրող Արամի վարկածի հետ:

20 տարի անց հայտնաբերել ենք դատական սխալներ

Դատակալ սխալ 1

Իրեղեն ապացույցները չեն զննվել դատարանում, այնուամենայնիվ, դրվել են դատավճռի հիմքում, ինչը կոպիտ խախտում է, քանի որ դատավճռի հիմքում կարող են դրվել միայն այն ապացույցները, որոնք հետազոտվել են դատարանում:

Դատակալ սխալ 2

Դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ, «Դիակի սկզբնական դիրքը փոփոխելու հատկանիշներ հայտնաբերված չեն»: Նշանակում է՝ դիակի առաջնային դիրքի փոփոխություն չի եղել: Այսինքն՝ գիտական ապացույցը հերքում է դին պայուսակի մեջ տեղադրելու, այն ժամեր շարունակ տանը պահելու և առավել ևս՝ ժամեր անց դիակը այլ վայր տեղափոխելու վարկածը: Սակայն այս գիտական ապացույցը անտեսվել է դատարանի կողմից, ավելին՝ առհասարակ չի քննարկվել:

Դատակալ սխալ 3

Արյան աննշան քանակի պատճառով հնարավոր չի եղել պարզել սպանության գործիքներից դանակի վրա առկա արյան խումբն ու տեսակը, սակայն դատավճռում որպես հաստատված փաստ ներկայացվել է՝ իբր դանակի վրա հայտնաբերվել է տուժող Իոսիֆ Աղաջանովի արյունը:

Դատական սխալ 4

Ենոքյանին դատավճռով վերագրված դանակի երեք հարվածները չեն հիմնավորվել որևէ փաստական տվյալով: Ավելին՝ դատական նիստերի արձանագրության մեջ կա նույն Հարությունյանի ցուցմունքը, որտեղ նա, պատասխանելով տուժողի օրինական ներկայացուցչի հարցին, ասել է. «Ես չեմ նկատել, որ դանակով Մհերը հարվածներ հասցնի»:

Ամփոփ

Այսպիսով՝ եթե քրեական գործից հանում ենք Արամ Հարությունյանի 4 անգամ փոփոխված ցուցմունքներից վերջինը, ամբողջ մեղադրանքը փլուզվում է: Ստացվում է, որ մեկ ցուցմունքով դատարանը քաղաքացուն մահապատժի է դատապարտել:

Հայաստանի Հելսինկյան կոմիտե

http://www.youtube.com/watch?v=SXMQ3-2S8iQ