Մեր գերեվարված հայրենակիցներն անպայմանորեն վերադառնալու են. Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ժողովրդին հղած ուղերձում նշել է, որ Ադրբեջանում պահվող հայ գերիներն անպայմանորեն վերադառնալու են։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ասել է. «Եզրափակելով խոսքս՝ ուզում եմ ևս մեկ անգամ խոնարհումի խոսքեր ասել 44-օրյա պատերազմում ընկած մեր բոլոր եղբայրներին ու քույրերին, նրանց ընտանիքի անդամներին: Զորակցություն հայտնել անհետ կորած համարվող մեր բոլոր հայրենակիցների ընտանիքներին, համբերություն ու տոկունություն մաղթել գերեվարված մեր բոլոր հայրենակիցներին և նրանց հարազատներին և ասել՝ մեր գերեվարված հայրենակիցներն անպայմանորեն վերադառնալու են, եւ մենք պիտի ուժ և կորով ունենանք նրանց վերադարձը ապահովելու համար»:

Թեև Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության 8-րդ կետով հստակ շեշտվել է ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակման մասին, սակայն Ադրբեջանն արհեստականորեն ձգձգում է այս գործընթացը՝ ամբողջությամբ հետ չվերադարձնելով հայ ռազմագերիներին և պահվող այլ անձանց: