Այվազյանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահության կողմից «վերակենդանացման նշաններ» է նկատում

ՀՀ Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն արձանագրում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը ցույց է տալիս «վերակենդանացման նշաններ»: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Այվազյանն ասաց կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում, պատասխանելով անկախ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին:

«Մինսկի խմբի համանախագահությունը կոչված է ստեղծել համապատասխան միջավայր, որպեսզի հակամարտող կողմերը հանգեն բանակցային կարգավորմանը: Ուրախ եմ արձանագրել, որ Մինսկի խմբի համանախագահությունը, կարծես, ցույց է տալիս իր վերակենդանացման նշանները: Լիահույս ենք, որ կունենանք ուժեղ համանախագահություն, որը ոչ թե կհետևի, այլ կհամակարգի գործընթացները»,- ասաց Այվազյանը:

Ապրիլի 13-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածել էին հայտարարություն, որով կոչ էին արել վերադարձնել բոլոր գերիներին: