Հայաստանում հարցվողների մեծ մասը պնդել է, որ խորհրդարանական ընտրությունները կանցնեն ազատ ու արդար. IRI

Քաղաքացիների մեծ մասը կարծում է, որ եթե խորհրդարանական ընտրությունները տեղի ունենային այսօր, ապա դրանք կլինեին ազատ և արդար: Իրականացված հետազոտության արդյունքում նման տվյալ է հրապարակել Միջազգային հանրապետական ինստիտուտը (International Republican Institute (IRI) ):

Ըստ անցկացված հարցման՝ Հայաստանի քաղաքացիների 31 տոկոսն ասել է, որ եթե ընտրությունները տեղի ունենային այսօր, ապա դրանք կլինեին ազատ ու արդար, 27 տոկոսը կարծում է, որ դրանք չէին լինի ազատ ու արդար, 17 տոկոսը՝ որոշ չափով ազատ ու արդար, իսկ 15 տոկոսի պնդմամբ՝ ընտրությունները որոշ չափով ազատ ու արդար չէին լինի: Հարցման մասնակիցների միայն 10 տոկոսն է դժվարացել հարցին պատասխանել:

Նշենք, որ հարցումն իրականացվել է Միջազգային հանրապետական ինստիտուտի Խոր վերլուծության կենտրոնի պատվերով՝ Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոններ – Հայաստան հիմնադրամի կողմից: Հետազոտության տվյալները հավաքվել են 2021 թ. ապրիլի 8-ից մայիսի 4-ի միջակայքում: 

Հարցման ընտրանքը կազմել է 1502 մարդ: Հայաստանի 5 մարզերում՝ Արարատում, Գեղարքունիքում, Շիրակում, Սյունիքում և Տավուշում, անցկացվել են 299 լրացուցիչ հարցազրույցներ՝ մարզային առանձնահատկությունները ներկայացնելու համար: Հարցումն անցկացվել է հեռախոսային զանգերի միջոցով՝ պատահական ընտրանքով: Հետազոտության իրականացնողները նշում են, որ վիճակագրական սխալի չափը չի գերազանցում 2.5 տոկոսը:

MediaLab.am