Մի քիչ լույս դժվար ժամանակներում. «Լադանիվա» խումբն առաջին անգամ մենահամերգով ներկայացավ Երևանում

«Լադանիվա» ֆրանսիական խումբը, որը վերջին տարիներին երկրպագուների մեծ բանակ է ձևավորել Հայաստանում, մայիսի 29-ին առաջին անգամ մենահամերգով հանդես եկավ Երևանում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երեկոն տեղի ունեցավ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Լեփ-լեցուն դահլիճը բուռն ծափողջույններով ընդունեց խմբին՝ առանձնակի ուշադրության արժանացնելով մեր հայրենակցուհուն՝ մեներգչուհի Ժակլին Բաղդասարյանին, որը բոբիկ էր, անկաշկանդ ու անմիջական:

Առաջին իսկ ելույթից հետո երաժշտասերները ծաղկեփնջերով բեմ էին բարձրանում, գրկում երգչուհուն և սեր խոստովանում նրան: Առիթից օգտվում էին նաև փոքրիկները, որոնց՝ բեմ բարձրանալու համար հերթ էր գոյացել:

Ժակլին Բաղդասարյանը խոստովանեց, որ երջանիկ և հուզված է հայրենիքում ելույթ ունենալու կապակցությամբ, բայց սիրտը ցավում է վերջին ամիսներին երկրում տեղի ունեցած դեպքերի առնչությամբ: Ժակլինը հույս ունի, որ մի օր Հայաստանն առավել ապահով կդառնա, և բոլոր հայերը կվերադառնան հայրենիք, որտեղ կստեղծագործեն, կարարեն և ժպիտ կնվիրեն միմյանց:

Երգչուհու խոսքով՝ «Լադանիվան» համերգով փորձում է մի քիչ լույս, հույս ու դրական տրամադրություն փոխանցել մարդկանց:

«Լադանիվան», որի բոլոր երգերում առկա են հայկական ժողովրդական երաժշտության տարրեր, Երևանում կատարեց «Վայ աման», «Pourquoi t’as fait ça?», «Զեփյուռի նման», «Սարերի հովին մեռնեմ», «Ajde Jano», «Բինգյոլ» և մի շարք այլ ստեղծագործություններ, իսկ «Քեֆ չի լինի» երգը խմբի հետ հոտնկայս կատարեց ամբողջ դահլիճը: Ժակլին Բաղդասարյանը շնորհակալություն հայտնեց բոլորին՝ ներկա լինելու, իրենց աջակցելու, խումբը սիրելու և գնահատելու համար: Երկրպագուների թվում էին նաև Ժակլինի ընտանիքի անդամները, հարազատներն ու ընկերները, որոնց երգչուհին երկար ժամանակ չէր տեսել:

Նա նկատեց, որ մայիսի 29-ին իր տատիկի ծննդյան օրն է: Երգչուհին խնդրեց, որ տատիկը մոտենա բեմին: Ժակլինը շնորհավորեց նրան, երգ նվիրեց և՛ հոբելյարին, և՛ իր մյուս տատիկին, որը ևս դահլիճում էր:

«Լադանիվա» խմբի հիմնադիրներն են մեներգչուհի Ժակլին Բաղդասարյանն ու Լուի Թոմասը: Խմբի մյուս ֆրանսիացի անդամները պարբերաբար փոփոխվում են:

Ավելին՝ սկզբնաղբյուրում։