Արցախից եկած անձանցից բարեգործության պատրվակով փող էր հափշտակել

Մայիսի 29-ին ոստիկանության Նոյեմբերյանի բաժին նույնաբովանդակ երկու ահազանգ ստացվեց։ Ահազանգող տղամարդիկ, որոնք Արցախյան երկրորդ պատերազմից հետո բնակություն են հաստատել Կողբ համայնքում, հայտնեցին, որ իրենց է զանգել մի տղամարդ, ներկայացել Կարեն անվամբ ու ասել, որ աշխատում է բարեգործական կազմակերպությունում։

Հայտնել է, որ Արցախից եկած ընտանիքներին օգնություն են տրամադրում, որը տեղ հասցնելու համար, որպես ճանապարհածախս, մի արցախցուց պահանջել է՝ 55, մյուսից՝ 50 հազար դրամ: Տղամարդիկ պահանջած գումարը էլեկտրոնային եղանակով փոխանցել են նրան, սակայն իրենց օգնություն չի տրամադրվել։

Այդ մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Նոյեմբերյանի ոստիկանները, համագործակցելով Էրեբունու բաժնի քրեական հետախույզների հետ, ձեռնարկեցին մի շարք օպերատիվ միջոցառումներ՝ պարզելով, որ Կարեն ներկայացած և խարդախությամբ փող հափշտակած անձը Երևանի բնակիչ է, 30 տարեկան։

Պարզվեց նաև, որ նա ներկայացել է այլ անվամբ։ Կասկածվողը հունիսի 1-ին հայտնաբերվեց, բերման ենթարկվեց Նոյեմբերյանի բաժին ու խոստովանական բացատրություն տվեց։ Դեպքերի հանգամանքները քննությամբ պարզվում են։