Թագուհի Թովմասյանը եղել է ոչ թե թիմի անդամ, այլ իր թերթի թղթակից, չեմ պատրաստվում ներողություն խնդրել. Լենա Նազարյան (տեսանյութ)

ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ չի պատրաստվում ներողություն խնդրել ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանից:

«Տիկին Թովմասյանն ինքը նախ պետք է ներողություն խնդրի, որ լինելով «Իմ քայլը» խմբակցության անդամ, իրականում եղել է ոչ թե թիմի անդամ և պատգամավոր, այլ իր թերթի թղթակից: Նա խմբակցության նիստերին մասնակցել է բացառապես այդ նպատակով:

Թող Թագուհի Թովմասյանը ներողություն խնդրի, որ եկել է մեր խմբակցություն, մեր ցուցակ, առաջին իսկ հարմար պահին մեր երեսին դուռը շրխկացնելու եւ հաջորդ ցուցակ գնալու համար, այնտեղից օգուտներ ստանալու և երևի հաջորդ ցուցակ անցնելու համար:

Թող ինքը ներողություն խնդրի նրա համար, որ լինելով խմբակցության անդամ ամբողջ պատերազմի ընթացքում, պարտությունից հետո դուրս է եկել խմբակցությունից և հայտարարել, որ պատասխանատվությունը մերն է, այն դեպքում, երբ ողջ պատերազմի ընթացքում ինքը նույնպես եղել է խմբակցության անդամ»,-հայտարարեց Լենա Նազարյանը:

Նա անպատասխան թողեց հարցը՝ ինչպես կարձագանքեր, երբ իրեն «իդիոտկա» անվանեին ու հեռացավ: