«Հայաստան» հիմնադրամը հումանիտար օգնություն է տրամադրել բռնի տեղահանված արցախցիներին. Տեսանյութ

«Հայաստան» համահայկական հիմնադրամը ԱՄՆ «Հայաստան» հիմնադրամի ֆինանսավորմամբ, տասնյակ բեռնատարներով մարդասիրական օգնություն է բաշխել տեղահանված մեր հայրենակիցներին՝ մարզերում գործող իր գործընկեր հասարակական կազմակերպություններիների միջոցով։ Այս մասին տեղեկանում ենք «Հայաստան» համահայկական հիմնադրամի հաղորդագրությունից:

«Հրատապ աջակցությունը ներառում է 1000 ընտանիքի համար նախատեսված 40 տոննա պարեն (բրինձ, մակարոն, հնդկաձավար, ձեթ, թխվածքաբլիթ, կարտոֆիլ, թեյ, սուրճ և այլն), մանկական սնունդ, տնտեսական ապրանքներ, հագուստ և հիգիենայի պարագաներ։  Արարատի մարզում աջակցությունից օգտվել է 220, Վայոց Ձորում՝ 100, Սյունիքում՝ 320, իսկ Գեղարքունիքում 340 տեղահանված ընտանիք։

Հիմնադրամը նախատեսում է ընդլայնել  հումանիտար աջակցության տրամադրման աշխարհագրությունը՝ ընդգրկելով ՀՀ գրեթե բոլոր մարզերը: Շուրջ 400 մլն դրամ արժողությամբ հումանիտար օգնության երկրորդ փուլը կներառի կենցաղավարման համար առաջնային անհրաժեշտության պարագաներ՝ մահճակալներ, տաքացուցիչներ, տաք հագուստ, սնունդ, անկողնային և հիգիենայի պարագաներ: Հիմնադրամի աջակցությունից առաջիկա շաբաթներին կօգտվի ավելի քան 2000 ընտանիք»,-մասնավորապես նշված է հաղորդագրության մեջ: