ԱՀ հանրապետական բժշկական կենտրոնի Արցախյան երրորդ պատերազմի մասնակից բուժքույրերի հետ այսօր հանդիպել, զրուցել և շնորհավորել է «Արցախպրես»-ի թղթակիցը:
Հիվանդանոցի գլխավոր բուժքույր Արինա Աբրահամյանն իր խոսքում կարևորել և արժևորել է բուժքույրերի դերը խաղաղ և պատերազմական իրավիճակներում: Զրույցի ընթացքում նա մեծամասամբ անդրադարձել է Արցախյան երրորդ պատերազմի ողջ ընթացքում սպիտակ բանակի կատարած աշխատանքներին, ինչպես նաև իրենց ապրումներին:
Նրա խոսքով՝ իրավիճակը ծանր էր, օրերը՝ ցավոտ ու անտանելի: «Սպիտակ խալաթավորներին ես հրեշտակներ եմ անվանում, որովհետև օր ու գիշեր փրկել են բազմաթիվ կյանքեր: Բոլորս պայքարում էինք, որպեսզի միմիայն փրկեինք զինվորներին, զերծ պահեինք հաշմանդամությունից: Մենք շնորհակալ ենք սփյուռքից և Մայր հայրենիքից ժամանած մեր գործընկերներին, ինչպես նաև արդինատուրայում սովորող ուսանողներին, ովքեր մեզ հետ հավասար աշխատում էին առանց հանգստի:
Կյանքերի փրկության գործում մեծ էր շտապ-օգնության մեքենաների վարորդների, ինչպես նաև անձնակազմի դերը, ովքեր ճիշտ ժամանակին տեղ էին հասցնում վիրավորներին։ Պատերազմի օրերին մեզնից յուրաքանչյուրը, անկախ իր աշխատանքից, կատարել է այն ամենը, ինչի կարիքը կար։ Պիտի խոստովանեմ, որ այսօրվա սերունդը բավականին ամուր ոգի ունի»,- մասնավորապես ասել է Ա. Աբրահամյանը:
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։