Մեկը դուելով, զենքով է հարցեր լուծելուն պատրաստ, մյուսը՝ մարդկանց կյանքը զոհաբերելուն․ Սաքունց

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Երեկվանից շոկի մեջ եմ, չգիտեի թե ինչպես արձագանքեմ։ Բայց անտարբեր մնալ անհնար է. մենք չենք կարող թույլ տալ հանրային խոսքն իջեցնել նման անմարդկային մակարդակի, թեկուզ հրապարակային խոսքին բնորոշ զեղումներով. զեղումներն էլ ունեն կարմիր գիծ։

Չի կարելի, անթույլատրելի է, անտանելի է, անմարդկային է։ Բացարձակ անմարդկային է վերաբերմունքը գերիների նկատմամբ, հայտարարելով, թե մեկ կամ երկու ամիս էլ կդիմանան։ Ինչի՞ն կդիմանան. խոշտանգումներին ու ամենօրյա կտտանքների ենթարկվելու սպառնալիքների՞ն։ Ամենօրյա սպանվելու, նվաստացվելու անմարդկային հոգեվիճակում գտնվելու՞ն։

Այո, ազատությունը թանկ է, այո ազատությունը անվիճարկելի արժեք է, բայց մեկ մարդու կյանքն ինքնին արժեք է, և չի կարող այն նման կերպ զոհաբերվել, առանց այդ մարդու ազատության։ Ռազմագերիները նույնիսկ ազատ ընտրության հնարավորություն չունեն որոշելու իրենց կյանքն ինչպես տնօրինեն. զոհեն, չզոհեն։

Նրանք ունեն պարտադրված վիճակ, որտեղ ունեն առանց իրենց կամքը հարցնելու միայն սպանվելու կամ խոշտանգվելու ճակատագիր։Ամբողջ պետությունն է գերի վիճակում պուտինյան-էրդողանյան-ալիևյան բռնապետական ռեժիմների պարտադրած եռակողմ բանտում։

Դե քայլ արեք, զոհեք Ձեզ հանուն այդ վերպետական գերությունից ազատվելու, թեկուզ կյանքը զոհելու գնով, նման ընտրություն կատարելու իրավունքն ու հնարավորությունն ունեք, անհամեմատ շատ ունեք, քան ռազմագերիները։

Մարդու, նրա կյանքի արժանապատվության նկատմամբ պատասխանատվությունը պետք է լինի ամբողջական, յուրաքանչյուրի հանդեպ, ոչ թե հատվածաբար կամ ըստ քաղաքական նպատակահարմարության։

Մեկը դուելով, զենքով է հարցեր լուծելուն պատրաստ, մյուսը մարդկանց կյանքը զոհաբերելուն»։