Ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխված մանկապարտեզի 11 սաներից 4-ը վերակենդանացման բաժանմունքում է․ մեկ երեխա դուրս է գրվել.Factor

Երևանի մանկապարտեզներից մեկից «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» տեղափոխված 11 սաներից 4-ը վերակենդանացման բաժանմունքում է, նրանց վիճակը միջին ծանրության է, բայց՝ կայուն։ Մյուսների առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար։

Այս մասին Factor.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը տեղեկություն էր ստացել, որ Երևանի մանկապարտեզներից մեկից 11 երեխա սրտխառնոց, փսխում և ընդհանուր թուլություն ախտանշաններով տեղափոխվել է «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն»։

Ըստ Առողջապահության նախարարության տվյալների՝ բժշկական զննության արդյունքում նրանց մոտ նախնական ախտորոշվել է «սուր գաստրոէնտերիտ»։ 

Տեղում կատարվել է նմուշառում՝ պատճառները պարզելու համար։ 

Խնդրի վերաբերյալ փորձեցինք մանրամասներ ճշտել նաև Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից, որտեղից, սակայն, ստացանք հետևյալ պատասխանը․ «Աշխատանքային օրը վերջացել է, այդ բաժնի աշխատողները գնացել են։

Առավոտյան զանգահարեք»։ Մանկապարտեզից նույնպես հավելյալ տեղեկություն չհաղորդեցին․ ասացին միայն, որ տեղում աշխատել են պատկան մարմինները։

ՀՀ ԱՆ թարմացված տվյալներով՝ հոսպիտալացված 11 սաներից մեկը ծնողների ստորագրությամբ դուրս է գրվել հիվանդանոցից:

Երեխայի առողջական վիճակը բժիշկները բավարար են գնահատել: Նա բուժումը կշարունակի տնային պայմաններում՝ մանկաբույժի հսկողության ներքո: 

Այժմ բժշկական կենտրոնում բուժումը շարունակում է 10 երեխա։

Այս մասին տեղեկացնում է՝ Factor.am-ը