Հանքավանում բանտարկված արջը ենթարկվում է ֆիզիկական և հոգեբանական տառապանքների

Կենդանիների փրկության միջազգային կազմակերպությունը /International Animal Rescue/ շարունակում է ահազանգել Հանքավանի հանգստյան գոտիներից մեկում բանտարկված արջի մասին՝ գրելով․ «Համացանցում հայտնաբերվել են շոկային սելֆիներ և տեսակետներ, սակայն արջերը զբոսաշրջիկներ ներգրավելու միջոց չեն»։ 

Միջազգային կազմակերպության կողմից արված այս հայտարարությունը վկայությունն է այն բանի, թե որքան անսովոր և դաժան է միջազգային հանրության կողմից ընկալվում բանտարկված արջի ֆոնին լուսանկարվելը, քանի որ կենդանին տառապում է, իսկ մարդը լուսանկարում է այդ հոգեվիճակում գտնվող կենդանուն՝ համարելով դա զվարճանքի միջոց։ 

IAR-ը գրել է նաև, որ անխղճություն և դաժանություն է կենդանուն վանդակում բանտարկելն ինչ-որ իրի նման, որպեսզի մարդիկ գան և տեսնեն նրան։ Տանջանք է կենդանուն պահել փոքր վանդակում, որը շրջապատված է անտառով, քանի որ Բոն տեսնում, լսում, շնչում է այդ ազատությունը և զգում է, թե ինչպես է կյանքն անցնում իր կողքով։ Խեղճ Բոյի համար ֆիզիկական և հոգեբանական տառապանքը, հավանաբար, անտանելի է։ Այսպիսի հանգստյան գոտիներում Բոյին չեն վերաբերվում որպես զգայական էակի, որն ուզում է ապրել ազատ և երջանիկ կյանքով, այլ ընկալում են որպես գործիք, որի միջոցով կարելի է գումար աշխատել։ Զբոսաշրջային ու սոցիալական կայքերից վերցված այս օրինակներն ապացուցում են, որ նրանց հաջողվում է օգուտ քաղել Բո անունով արջի անօգնական վիճակից։ 

Հիշեցնենք, որ օրեր առաջ IAR-ը ահազանգել է Հանքավանում բանտարկված արջի մասին, որին հնարավոր է փրկել, սակայն հանգստյան գոտու տնօրինությունը հրաժարվում է այդ գաղափարից։ 

Միջազգային IAR-ը գրել է նաև, որ Հայաստանում, ցավոք, այս երևույթը տարածված է։ Կենդանիներին հաճախ բռնում են վայրի բնությունից և բանտարկում են վատ պայմաններում կոմերցիոն նպատակներով՝ առանց հոգ տանելու կենդանու բարեկեցության մասին։ Սա հատկապես վերաբերվում է Բոյին, քանի որ նրա «տերերը» հրաժարվում արջին ազատել այս պայմաններից՝ նախընտրելով նրան պահել սեփական կեղտի մեջ, քան տեղափոխել այլ մասնագիտացված կենտրոն։ 

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը գործընկեր IAR ջանքերով նմանատիպ իրավիճակից փրկվել են շուրջ 30 արջերի։ Գործընկերները պատրաստակամ են օգնելու նաև այս արջին, սակայն հանգստյան գոտու տնօրինությունը մերժում է այդ գաղափարը։