Երևան-Գյումրի-Երևան երթուղին կսպասարկեն երկու նոր երկվագոնանոց էլեկտրագնացքներ

Երևան-Գյումրի-Երևան երկաթուղային ուղևորափոխադրումների համար նախատեսված երկու նոր էլեկտրագնացքների արտադրության և կարգաբերման աշխատանքներն ավարտական փուլում են։ ԷՊ2Դ էլեկտրագնացքներն արտադրվում են ռուսաստանյան «Տրանսմաշհոլդինգ» ընկերության մաս կազմող Դեմիխովոյի մեքենաշինական գործարանում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի և «Տրանսմաշհոլդինգ» ԲԸ-ի միջև 2021 թ․ մարտ ամսին կնքված մատակարարման պայմանագրի համաձայն։

Այդ մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։

Հուլիսի 20-ին նախատեսված է գործարանում էլեկտրագնացքների ընդունումը, օգոստոսի սկզբին դրանք կժամանեն Երևան և կհանձնվեն շահագործման։ Ներկայում ՀԿԵ ներհանրապետական ուղևորափոխադրումների համար արդեն իսկ շահագործվում են ԷՊ2Դ մոդելի երկու երկվագոնանոց գնացքներ։ 2022 թ․ նախատեսված է ձեռք բերել այդ մոդելի ևս մեկ էլեկտրագնացք։

ԷՊ2Դ էլեկտրագնացքների երկվագոնանոց շարժակազմը հագեցած է անվտանգության պասիվ համակարգերով, միկրոկլիմայի ապահովման և օդի ախտահանման հատուկ համակարգով, էկոլոգիապես մաքուր զուգարանային սարքավորումներով:

Ուղևորասրահները կահավորված են մաշադիմացկուն նյութերից պատրաստված երկտեղանոց և վեցտեղանոց բազմոցներով, հեծանիվների համար նախատեսված ամրակապերով, վագոնահարթակները կահավորված են բռնաձողերով։

ԷՊ2Դ էլեկտրագնացքների շարժակազմը համապատասխանում է Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված ուղևորափոխադրումների հարմարավետության և անվտանգության բոլոր պահանջներին, ինչպես նաև կարող է շահագործվել Եվրասիական տնտեսական միության բոլոր երկրների տարածքում: