Միջադեպ հայ-ադրբեջանական սահմանին․ ադրբեջանցիներն անչափահաս հովվից 3 կով են խլել․ Factor.am

Այսօր՝ հուլիսի 6-ին, միջադեպ է տեղի ունեցել Սյունիքի մարզի Տեղ համայնքի Խնածախ գյուղում։ Ադրբեջանցի սահմանապահները 13-ամյա հովվից 3 կով են խլել, գրում է Factor.am-ը։

Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը Factor.am-ի հետ զրույցում պատմեց հետևյալը․

«Առավոտ ժամը 06։30-ի սահմաններում զանգ եմ ստացել Խնածախ գյուղի բնակչից, որ 3 անասուն, երևի թե, սահմանը հատել է, ադրբեջանցի սահմանապահներն էլ տեսել ու վերցրել են անասունները։ Սահմանը բնակատեղիին շատ մոտ է, ու տղան, դժվար թե, կարողանար արագ կողմնորոշվել ու հասկանար սահմանի տեղադրությունը»։

Համայնքապետը զանգահարել է առաջին բանակային կորպուսի հրամանատարին և տեղեկացրել դեպքի մասին, ըստ նրա՝ ռուս խաղաղապահների միջամտությունից հետո, արդեն 09։20-ի սահմաններում, անասուններին վերադարձրել են։

Հետաքրքրվեցինք տղայի որպիսությունից, համայնքապետը հայտնեց․ «Երեխայի հետ ամեն ինչ կարգին է, որ ասեմ վախեցրել են՝ չէ, բռնության են ենթարկել՝ չէ»։