Հայաստանը ցածր մանկամահացությամբ երկրների շարքում է, բայց դեռ շատ անելիք ունենք. Ա. Թորոսյան

Հայաստանը ցածր մանկամահացությամբ երկրների շարքում է, բայց դեռ շատ անելիք ունենք. Ա. Թորոսյան
Հայաստանը ցածր մանկամահացությամբ երկրների շարքում է, բայց դեռ շատ անելիք ունենք. Ա. Թորոսյան
Հեղինակ MediaLab

Երևանում սեպտեմբերի 6-7–ն անցկացվում է Մանկական վիրաբուժության և նյարդավիրաբուժության միջազգային համաժողովը: Երևանի պետական բժշկական համալսարանն այս նպատակով հյուրընկալել է ավելի քան 80 մանկական վիրաբույժի և նյարդավիրաբույժի Հայաստանից և Արցախի Հանրապետությունից, ինչպես նաև շուրջ 70 մասնագետի` արտերկրից:

Ներկայացվում են մանկական վիրաբուժության և նյարդավիրաբուժության արդիական հարցերին նվիրված դասախոսություններ և զեկույցներ, ուշագրավ կլինիկական դեպքեր: Դասախոսություններով հանդես են գալիս Ռուսաստանից և Գերմանիայից հատուկ այդ նպատակով ժամանած ճանաչված պրոֆեսորներ: Զեկույցներ են ներկայացնում Ռուսաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի, Ռումինիայի, Վրաստանի, Ուզբեկստանի, Ղազախստանի, ինչպես նաև Հայաստանի առաջատար մասնագետները:

Անվանի բժիշկների մասնակցությամբ հանդիպման բացմանը ներկա էին և ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ ԱԺ Նախագահ Արա Բաբլոյանը, ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ԵՊԲՀ Ռեկտոր Արմեն Մուրադյանը:

Մեծապես կարևորելով այս համաժողովի անցկացումը` առողջապահության նախարարը շեշտել է, որ մոր և մանկան առողջության պահպանման գերակայությունն ամրագրված է նոր կառավարության ծրագրում:

Հայաստանի վիճակագրական միտումները լավատեսության հիմք են տալիս: Վերջին 10 տարվա կտրվածքով` մանկական մահացության ցուցանիշը երկրում կրճատվել է մոտ 1/3-ով: Նախարարը փոխանցել է ԱՀԿ գնահատումները, ըստ որոնց` այս ընթացքում մեր երկիրը հաջողել է մանկական մահացության միջին ցուցանիշից հասնել ցածր` 10 պրոմիլից նվազ ցուցանիշի և դասվել աշխարհի ցածր մանկամահացություն ունեցող երկրների շարքին, ինչն արդեն լուրջ ձեռքբերում է:

«Հայաստանում ևս մանկական վիրաբուժությունը զարգացում է ապրում:  Ընդամենը մի քանի տասնամյակ առաջ ծանր, անխուսափելի մահվան ելքերով վիրաբուժական դեպքերն այսօր ունենում են բարենպաստ ավարտ: Բայց, անխոս, կան նաև խնդիրներ այս ոլորտում: Դժբախտ պատահարների և մանկական տրավմատիզմի դեպքերը շարունակում են բարձր թվեր գրանցել (վերջին տասնամյակում 0-18 տարեկանների շրջանում տարեկան գրանցվում է 16- 17 հազար նոր դեպք, ցավոք, երբեմն մահվան ելքով):

Մանկական վիրաբուժական ծառայության համակարգային խնդիրների շարքում օրակարգային է մանկական վիրաբույժների սղության խնդիրը հատկապես մարզերում: Մարզային մակարդակում մանկական վիրաբուժական ծառայությունները համալրման և կանոնակարգման կարիք ունեն: Կարիք կա նյարդավիրաբուժության մեջ ներդնել բուժման արդիական եղանակներ, բարելավել տրամադրվող օգնության որակը»,-մանրամասնել է նախարար Թորոսյանը` հանդիպումից ակնկալելով նոր խթան այս ուղղությամբ համատեղ աշխատանքներում:

Համաժողովը կազմակերպել է «Մանկական բժիշկների հայկական ասոցիացիան» Մանկական վիրաբույժների ռուսական ասոցիացիայի, Մոլդովայի Հանրապետության մանկական վիրաբուժության ազգային միության, Մանկական նյարդավիրաբույժների եվրասիական ասոցիացիայի հետ համատեղ: Համակազմակերպիչն են Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնը,  «Արաբկիր» բժշկական համալիրը: Կազմակերպմանն օժանդակել են մի շարք դեղագործական ընկերություններ: