Մեղադրական դատավճիռ՝ մարզպետի տեղակալի պաշտոնն զբաղեցնելու համար ակնհայտ կեղծ փաստաթուղթ ներկայացնելու համար

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

2019թ. օգոստոսի 9-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել էր քրեական գործ բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից ակնհայտ կեղծ փաստաթղթեր օգտագործելու դեպքի առթիվ, որը նախաքննություն իրականացնելու նպատակով ուղարկվել էր ՀՀ հատուկ քննչական ծառայություն։Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Էջմիածնի «Գրիգոր Լուսավորիչ» համալսարանի կողմից Ռ. Տոնոյանին 14.08.2018թ. տրվել է «թիվ 061» գրանցահամարի ակադեմիական տեղեկանքն այն մասին, որ վերջինս 2014-2018թթ. սովորել է համալսարանի «հաշվապահական հաշվառում և հարկում» մասնագիտության հեռակա ուսուցման բաժինը:

2018թ. սեպտեմբեր ամսին, Ռ.Տոնոյանը դիմում է ներկայացրել «Արտաքին տնտեսական կապերի» համալսարան, որտեղ ներկայացնելով հիշյալ ակադեմիական տեղեկանքը և վերահանձնելով առարկայական տարբերությունները` ընդունվել է նշված համալսարանի «հաշվապահական հաշվառում և հարկում» մասնագիտության հեռակա ուսուցման 5-րդ կուրս: Այնուհետև 1 տարի սովորելուց և ավարտական պետական քննությունները հանձնելուց հետո` նրան այս համալսարանի կողմից 09.07.2019թ. տրվել է ավարտական դիպլոմ:ՀՀ Վայոց Ձորի մարզպետի տեղակալի թափուր պաշտոնին նշանակվելու գործընթացի շրջանակներում, սակայն, դեռևս, Ռ. Տոնոյանը 2018թ. հունիսի 28-ին ՀՀ վարչապետին ուղղված դիմում է ներկայացրել ՀՀ Վայոց Ձորի մարզպետարան, որին կցել է տպագիր ինքնակենսագրություն, «հաշվապահական հաշվառում և աուդիտ» մասնագիտությամբ բակալավրի կրթական աստիճան ստանալու վերաբերյալ տեղեկություններ:

Այնուհետև ներկայացված փաստաթղթերի հիման վրա Վայոց Ձորի մարզպետի ներկայացրած գրավոր առաջարկությամբ՝ 2018թ. հուլիսի 2-ին, ՀՀ վարչապետի որոշմամբ Ռ. Տոնոյանը նշանակվել, իսկ 09.11.2018թ. վերանշանակվել է ՀՀ Վայոց Ձորի մարզպետի տեղակալի պաշտոնին:

Քննությամբ պարզվել է սակայն, որ ի թիվս այլ փաստաթղթերի Ռ. Տոնոյանի կողմից ՀՀ կառավարության կադրերի և անձնակազմի կառավարման վարչություն է ներկայացվել Էջմիածնի «Գրիգոր Լուսավորիչ» համալսարանում «ֆինանսներ և վարկ» մասնագիտությամբ 1998-2006թթ. սովորելու վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ, ինչպես նաև տրամադրվել է իրավունք վերապահող պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող՝ Էջմիածնի «Գրիգոր Լուսավորիչ» համալսարանի ԳԼՀ թիվ 000063 սերիական համարով, թիվ 055 գրանցահամարի ներքո հաշվառված, իբրև 03.07.2006թ. իր անվամբ տրված ակնհայտ կեղծ դիպլոմի պատճենները:Վերոգրյալ հանրորեն վտանգավոր արարքը կատարելու համար 2019թ. սեպտեմբերի 13-ին Ռազմիկ Տոնոյանը ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով ներգրավվել է որպես մեղադրյալ, Ռ. Տոնոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով։

2019թ. դեկտեմբերի 4-ին քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել էր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան։2021թ. հունիսի 30-ի քրեական այս գործով դատարանի կողմից կայացվել է մեղադրական դատավճիռ, որով Ռ. Տոնոյանը մեղավոր է ճանաչվել իրեն մեղսագրվող արարքի կատարման մեջ և դատապարտվել տուգանքի։Հիշեցնեմ, որ մինչ քրեական գործի հարուցումը Ռ. Տոնոյանն ազատվել էր զբաղեցրած պաշտոնից: