ՀՀ գլխավոր դատախազի տեղակալները հանդիպել են Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միատովիչին

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալները հանդիպել են Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միատովիչին
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալները հանդիպել են Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միատովիչին
Հեղինակ MediaLab

ՀՀ գլխավոր դատախազությունում կայացել է հանդիպում Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի գլխավորած պատվիրակության հետ, որին հայկական կողմից մասնակցել են ՀՀ գլխավոր դատախազի տեղակալներ Արմեն Հարությունյանը, Հայկ Ասլանյանը և Դավիթ Մելքոնյանը:

Քննարկվել են Հայաստանում ընտանեկան բռնության դեպքերին առնչվող քրեական գործերով իրականացվող քննությունների օրինականության նկատմամբ դատախազական հսկողության և ներգործության միջոցների արդյունավետությանը, կանանց և խոցելի այլ խմբերի քրեաիրավական պաշտպանության իրավիճակին, կառուցակարգերին առնչվող հացրեր:

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դավիթ Մելքոնյանը ներկայացրել է ընտանեկան բռնությունների դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով կատարված և այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ մտած օրենսդրական փոփոխությունները, որոնցով անկախ տուժողի կողմից բողոք ներկայացնելուց` ընտանիքում բռնության հանցագործության դեպքերում դատախազին տրվել է իրավասություն հարուցելու քրեական գործ, եթե անձն իր անօգնական վիճակի կամ ենթադրյալ հանցանք կատարողից կախվածության մեջ լինելու փաստի ուժով չի կարող պաշտպանել իր իրավաչափ շահերը: Բացի այդ, շեշտվել է, որ ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ մշակվել և ներկայումս լայնորեն գործադրվում են ընտանեկան բռնության հանցագործությունների հատկանիշների գնահատման և քրեական գործ հարուցելու հիմքերի պարզման չափորոշիչներ, ինչն էապես նպաստում է նման դեպքերով քննությունների որակի և արդյունավետության բարձրացմանը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև 2008թ. մարտի 1-2-ի դեպքերի առթիվ քննվող քրեական գործի և ՀՀ ՀՔԾ պետի և ՀՀ ԱԱԾ տնօրենի հեռախոսազրույցի գաղտնալսման և հրապարակման դեպքի առթիվ հարուցված քրեական գործերի շրջանակներում մարդու իրավունքների պաշտպանության խնդրին:

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հայկ Ասլանյանն նշել է, որ 2008թ. մարտի 1-2-ի դեպքերի առթիվ քննվող քրեական գործով որպես մեղադրյալներ են ներգրավվել նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձինք, ներկայումս իրականացվում է ակտիվ նախաքննություն՝ այդ դեպքերի բոլոր հանգամանքների լրիվ օբյեկտիվ և բազմակողմանի բացահայտման նպատակով: Նախաքննության օրինականության նկատմամբ իրականացվում է պատշաճ դատախազական հսկողություն, ինչի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ստեղծվել է դատախազական խումբ:

Անդրադառանլով ՀՀ ՀՔԾ պետի և ՀՀ ԱԱԾ տնօրենի հեռախոսազրույցի գաղտնալսմանը և հրապարակմանը, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալն ավելացրեց, որ հարուցվել է երկու քրեական գործ, և  ներկայումս իրականացվում է նախաքննություն ինչպես առերևույթ հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու հանգամանքների բացահայտման,  այնպես էլ պաշտոնատար անձանց կողմից հնարավոր պաշտոնեական լիազորություններն անցնելու, այդ թվում նաև պաշտոնական դիրքի օգտագործմամբ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու և պաշտոնական հանցագործությունների այլ մասնավոր դրսևորումները պարզելու ուղղություններով:  

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարն իր հերթին նշել է, որ հատկապես անպատժելիության մթնոլորտ չստեղծելու նպատակով չափազանց կարևոր է հանցագործություններ կատարած բոլոր անձանց քրեական պատասխանատվության անխուսափելիության ապահովումը՝ դատավարության ողջ ընթացքում օրինականության և դատավարության բոլոր մասնակիցների իրավունքների լիարժեք ապահովմամբ: