Սոթքի հատվածում թշնամու հարձակումը ռուս-թուրքական համատեղ հակաքայլն է այդտեղ ԱՄՆ դեսպանի այցելության դեմ․ Սեֆիլյան

«Ազգային-ժողովրդավարական բևեռի» նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սոթքի հատվածում թշնամու հարձակումը ռուս-թուրքական համատեղ հակաքայլն է այդտեղ ԱՄՆ դեսպանի այցելության դեմ։

Վստահաբար, նրանք կստանան ԱՄՆ-ի պատասխանը, իսկ ոչ հեռու ապագայում կոլեկտիվ Արեւմուտքը նրանց դուրս կմղի տարածաշրջանից։

Սակայն մենք չենք կարող ձեռքներս ծալած նստել եւ արձանագրել, թե ինչպես ենք այդ ամբողջ ընթացքում շարունակաբար կորցնում մարդկային կյանքեր, ինչպես նաեւ կարեւոր տարածքներ։ Հատկապես 44-օրյա պատերազմի ծանր կորուստներից հետո պարտավոր ենք անգամ անհնարինն անել յուրաքանչյուր զինվորի կյանքը խնայելու համար։ Ժամանակ չկա։ Մենք պետք է գործենք։

Մշտապես ասել ենք եւ հիմա էլ վերահաստատում ենք, որ Բեւեռն ունի այս աղետալի վիճակից դուրս գալու ծրագիր եւ այն իրագործելու կամք ու կարողություն։ Ստեղծված իրավիճակում, երբ մեծամասնությունը երկրի գաղութացվածության պատճառով մոլորված է ու քաղաքականապես անգիտակից, պետության եւ ազգի ճակատագրի ամբողջ պատասխանատվությունն ընկնում է գիտակից փոքրամասնության ուսերին։

Ցավոք սրտի, գիտակից շերտը դեռեւս պասիվ է ու անմիաբան, ինչի պատճառով մղձավանջը շարունակվում է ու ահագնանում։ Ով գիտակցում է, նա պարտավորված է։Ուստի դիմում եմ գիտակից հատվածին` հայաստանաբնակ թե արտերկրաբնակ եւ կոչ եմ անում վերջապես պատասխանատվություն ստանձնել ու համախմբվել Բեւեռի շուրջ` օր առաջ արյունը կանգնեցնելու եւ երկիրը մղձավանջից դուրս բերելու համար»։