Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանին

Սեպտեմբերի 7-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Մասանորի Ֆուկուշիմային: Հանդիպման ընթացքում կողմերը գոհունակությամբ ընդգծել են երկու ժողովուրդների և երկրների միջև ձևավորված սերտ բարեկամական հարաբերությունները և երկուստեք պատրաստակամություն հայտնել ջանքեր գործադրելու դրանք ամրապնդելու և առավել զարգացնելու ուղղությամբ:

Այս համատեքստում նախարար Միրզոյանը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է Ճապոնիայի հետ համագործակցության ընդլայնումը՝ ելնելով խաղաղությանը և ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանն ուղղված ճապոնական կողմի օրակարգից: Իր հերթին դեսպան Ֆուկուշիման նշել է, որ Ճապոնիայի համար Հայաստանը կարևոր գործընկեր է իրավունքի գերակայության վրա հիմնված ազատ և բաց աշխարհակարգ կառուցելու գործում։

Նախարար Միրզոյանն ու դեսպան Ֆուկուշիման որպես համագործակցության զարգացման հեռանկարային ուղղություններ մատնանշել են առևտրատնտեսական, տեղեկատվական տեխնոլոգիաների, մշակութային ու երիտասարդական փոխանակումների ոլորտները: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը՝ նախարար Միրզոյանը բարձր է գնահատել Ճապոնիայի շարունակական աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում համապարփակ և խաղաղ կարգավորմանը: Դեսպան Ֆուկուշիման նշել է, որ Ճապոնիայի կառավարությունը աջակցություն է հատկացրել ղարաբաղյան հակամարտության արդյունքում տուժած անձանց և պատրաստ է շարունակել նման օժանդակությունը: