Ինգա Մանուչարյանը՝ Ղազախստանի բասկետբոլի առաջնության չեմպիոն

Ավարտվեց Ղազախստանի բասկետբոլի կանանց բարձրագույն խմբի առաջնությունը, որտեղ «Կասպիյը», որի կազմում հանդես է գալիս կանանց Հայաստանի պատանեկան հավաքականների նախկին առաջատար բասկետբոլիստ Ինգա Մանուչարյանը, տոնել է հերթական հաղթանակը և դարձել Ղազախստանի չեմպիոն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ֆեդերացիան: Փլեյ-օֆֆ փուլի բոլոր երեք խաղերում «Կասպիյը» հաղթել է Աստանայի «Թայգերս» թիմին, իսկ եզրափակիչում հաղթանակ տարել Թուրքիստանի «Թուրանի» նկատմամբ՝ հռչակվելով Ղազախստանի 2020-2021թթ. առաջնության չեմպիոն:

Նշենք, որ թիմի գլխավոր մարզիչը հայազգի Բագրատ Առաքելյանն է:

Ինգա Մանուչարյանը ճանաչվել է փլեյ-օֆֆ փուլի լավագույն բասկետբոլիստ՝ կայացած 3 խաղում վաստակելով 54 միավոր, հայուհին ընդգրկվել է նաև առաջնության 5 լավագույն խաղացողների ցուցակում: 
Հիշեցնենք, որ 20-ամյա Մանուչարյանը «Կասպիյ» է տեղափոխվել հայկական «Երևան Բասկետից»: Նա նախկինում հանդես է եկել ղազախական «Սինեգորիե» և լատվիական «Պապիրս» թիմերում, վերջինիս կազմում դարձել է Լատվիայի առաջնության փոխչեմպիոն։