Դա Սովետից եկած մի էշություն է, որ մենք կապիկի նման կրկնում ենք. Սերգեյ Դանիելյանը՝ նախօրեին մեդալներով, կոչումներով պարգեւատրումների մասին

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է դերասան Սերգեյ Դանիելյանը 

– Պարո՛ն Դանիելյան, նախօրեին առողջապահության նախարարի պաշտոնակատարը, փոխնախարարները պարգևատրվել են տարբեր մեդալներով՝ COVID-ի դեմ պայքարում իրենց ներդրած ավանդի համար: Ըստ էության, նախկին իշխանության օրոք մեդալներ ու կոչումներ տալու պրակտիկան տեղափոխվել է նաև այս իշխանության օրոք: Սրանով ի՞նչ խնդիր է լուծվում:

– Սրանով ոչ մի խնդիր էլ չի լուծվում, իներցիայով շարունակվում է նույն բանը, այդքան բան: Ինչպես եղել է նախկինում, հիմա էլ նույնն է: Դա միայն մեկ ոլորտում չէ: Պատերազմն ավարտվեց, երեք հոգի գեներալի ուսադիր ստացավ, մինչև հիմա ժողովրդական արտիստի կոչումներ են տալիս: 

– Մենք հիշում ենք, որ Սերժ Սարգսյանի օրոք ում ասես կոչում ու շքանշան էին տալիս, ընդհուպ մինչև Գագիկ Ծառուկյանին, Արմենչիկին: Հիմա եկել է այս իշխանությունը, որը, թվում էր՝ այլ արժեքներ պետք է ունենար, բայց տեսնում ենք, որ իներցիան մնացել է:

– Դա հին իշխանությունից չի, դա ընդհանրապես խորհրդային ժամանակներից է եկել: Դա Սովետից եկած մի էշություն է, որ մենք կապիկի նման կրկնում ենք: Քանի որ մենք մնացինք Սովետի մարդիկ, մեր բոլոր ղեկավարներն էլ առաջվա կոմսոմոլի քարտուղար էին, հիմա այդ կոմսոմոլի քարտուղարների ճտերն են, դրա համար էլ չպետք է զարմանալ: 

– Իսկ հնարավո՞ր է, որ սա նաև նախընտրական թոհուբոհով պայմանավորված լինի: 

– Չեմ կարծում, դա ուղղակի Սովետից եկած իներցիա է: Ժողովրդի ի՛նչ պետքն է, թե ով մեդալ ստացավ, ոչ չստացավ: Այնպես չի, որ, ա՛յ, տես, էս մեկը մեդալ ստացավ, եկեք իրեն ընտրենք: Դա պարզապես հին մտածողության դրսևորում է: 

– Ինչպե՞ս եք գնահատում այս նախընտրական գործընթացները, ունե՞ք ընտրության հնարավորություն այս ընտրություններին և ինչ եք անում որպես արվեստագետ:

– Ունեմ, դեռ չգիտեմ՝ ինչ եմ անելու: Այսօր ներկայացում եմ խաղալու, և դրանից բացի ինձ ոչ մի բան չի հետաքրքրում այսօր: 

– Նոր խորհրդարանը գործողից շա՞տ կտարբերվի իր բազմազանությամբ:

– Ինձ թվում է՝ առանձնապես չի տարբերվի, բայց էդպիսի մի քանի ընտրություն հետո կտարբերվի: 

– Դուք ակտիվ պայքարում էիք երկրում փոփոխությունների համար: Այս իշխանություններից ոչ մի սպասելիք չարդարացա՞վ:

– Չէ, ոչ մի սպասելիք չարդարացավ: Դե, բոլորն էլ գիտեն, որ ոչ մի բան չեն արել: Ես ի՞նչ պետք է ուզեի, ուզել եմ այն, ինչ բոլորը: Ամեն ինչ պարզ է:

– Ձեր կարծիքով՝ այս իշխանությունը պե՞տք է փոխվի:

– Իհարկե պետք է փոխվի, բայց հարց է, թե ով պետք է գա: Ես դեռ այլընտրանքը չեմ տեսնում: 

– Տեսակետ կա, որ մեր հասարակությունը երբեք այսքան ապատիկ ու անհույս վիճակում չի եղել: Դո՞ւք էլ եք այդ կարծիքին:
– Այո՛, որովհետև ժողովրդի հույսն է կոտրվել, ոչ թե սոցիալ-տնտեսական վիճակը կամ նման այլ բան: Երբ հույսը, հավատը կոտրվում են, ժողովուրդը սկսում է արտագաղթել, հայրենիք չի ունենում և այլն:

Մանե Հարությունյան

MediaLab.am