ՄԽ համանախագահության շրջանակներից դուրս ձևակերպումներն արհեստածին են. ՀՀ ԱԳՆ. «Ազատություն»

ՄԽ համանախագահության շրջանակներից դուրս ձևակերպումներն արհեստածին են. ՀՀ ԱԳՆ. «Ազատություն»
ՄԽ համանախագահության շրջանակներից դուրս ձևակերպումներն արհեստածին են. ՀՀ ԱԳՆ. «Ազատություն»

Հայաստանի արտաքին գերատեսչությունը արձագանքել է Ստամբուլում՝ Թուրքիայի, Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարների ընդունած հռչակագրին:

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, ՀՀ ԱԳՆ-ն հիշեցրել է, որ «ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն է»։

«Դրա շրջանակներում ամրագրված են հակամարտության կարգավորման սկզբունքները, որոնք ներկայացված են որպես մեկ ամբողջություն: Այդ սկզբունքների նկատմամբ ընտրովի վերաբերմունքը որևէ կերպ չի նպաստում խաղաղ կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերին: Մինսկի խմբի համանախագահության շրջանակներից դուրս, դրան հակասող ձևակերպումներն արհեստածին են ու որևէ աղերս չունեն հիմնահարցի կարգավորման հետ»,- հայտարարել է Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

Ղարաբաղյան հակամարտությունը Թուրքիայի, Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարների` նախօրերին Ստամբուլում կայացած եռակողմ հանդիպման օրակարգային թեմաներից մեկն էր: Բանակցությունների ավարտին հաստատված հռչակագրում Մեվլութ Չավուշօղլուն, Մոհամադ Ջավադ Զարիֆը և Էլմար Մամեդյարովը կոչ են արել տարածաշրջանում առկա հակամարտությունները լուծել խաղաղ միջոցներով` տարածքային ամբողջականության սկզբունքի վրա հիմնվելով: