Վերանորոգման աշխատանքներ՝ ԱԺ-ում. առայժմ ծախսվել է մոտ 500 հազար դրամ․ Factor.am

8-րդ գումարման խորհրդարանի աշխատանքները, թեև մեկնարկել են, սակայն առայժմ որոշ պատգամավորներ չեն հասցրել տեղավորվել իրենց աշխատասենյակներում, գրում է Factor.am-ը։

Պատճառն այն է, որ այս օրերին ԱԺ-ում բուռն վերանորոգման աշխատանքներ են ընթանում։ Սենյակների մի մասը նորոգվում է բյուջեի հաշվին, որի շրջանակներում միայն հիմնական կոսմետիկ աշխատանքներ են իրականացվում։ Սակայն կան աշխատասենյակներ, որոնք որոշ պատգամավորներ նախընտրել են սեփական միջոցներով վերանորոգել։ Այս մասին Factor TV-ի հետ զրույցում տեղեկացրեց ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը։

Որքան գումար է ծախսվել բյուջեի հաշվին իրականացվող նորոգման համար՝ Նարիբեկյանն ասաց. «Քանի որ խորհրդարանում ունենք աշխատակիցներ, որոնք հենց վերանորոգման աշխատանքով են զբաղվում, մենք վերանորոգման աշխատուժի համար առանձին գումար չենք ծախսում։ Միայն նյութերն ենք ձեռք բերում. դեռևս այդ ծախսը երևի թե չի գերազանցում 500 հազար դրամը»։

Նարիբեկյանը հավելեց, որ բացի պատգամավորների սենյակներից՝ նորոգվում են նաև աշխատակազմի աշխատակիցների սենյակները։ Ըստ նրա՝ նորոգումը մինչև տարեվերջ չի ավարտվի, քանի որ աշխատուժը քիչ է։