ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Ստեփան Գալստյանը երկու ամսով կալանավորվեց․ Factor.am

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում քիչ առաջ ավարտվեց ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանի խափանման միջոցի քննությունը, գրում է Factor.am-ը։

Դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, որոշում կայացրեց բավարարել Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը և երկու ամսով կալանավորել Գալստյանին։

Հիշեցնենք՝ Factor.am-ի տեղեկություններով, երեկ ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացրել Ստեփան Գալստյանին պատկանող բնակարանում, ինչից հետո Գալստյանը ձերբակալվել էր։

Տեղեկությունը միայն այսօր հաստատեց Ազգային անվտանգության ծառայությունը։ Ըստ տարածած հաղորդագրության՝ Գալստյանը ձերբակալվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում չարաշահումներ և առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում։

Ավելի վաղ՝ սեպտեմբերի 29-ին, լուրեր տարածվեցին, որ Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություն է իրականացնում ԶՈւ ԳՇ պետի տեղակալ Ստեփան Գալստյանի, ռազմական ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանի և պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի բնակարաններում, որտեղից ավելի ուշ Տոնոյանը հրավիրվել էր ԱԱԾ։

Հաջորդ օրը Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն տարածեց` տեղեկացնելով, որ քննչական դեպարտամենտում շարունակվում է ՀՀ զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում ՀՀ ՊՆ և զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են 2018-2020 թվականներին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Տոնոյանը, ինչպես նաև մատակարար կազմակերպության տնօրեն Դավիթ Գալստյանը: Նույն օրը վերջիններս առանձնապես խոշոր չափերով՝ 2,277,323,840 ՀՀ դրամ գումար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար ներգրավվել են որպես մեղադրյալներ։ Հիշեցնենք՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի և Գագիկ Պողոսյանի որոշումներով՝ սեպտեմբերի 30-ին ուշ երեկոյան Դավիթ Տոնոյանը և Դավիթ Գալստյանը երկու ամսով կալանավորվեցին։ Նրանք, սակայն, իրենց առաջադրված մեղադրանքները չեն ընդունում։