ՏԻՄ ընտրություններում քվեարկության արդյունքներով պայմանավորված մարդկանց վիրավորելն անթույլտարելի է. ՄԻՊ

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի հայտարարությունը․

«Հայաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում քվեարկության օրվանից անմիջապես հետո հանրային տիրույթ են բերվել մարդկանց խմբերի բաժանող, վիրավորանքն ու ատելությունը, անհանդուրժողականությունը զարգացնող նոր վտանգավոր դրսևորումներ: Խոսքը հասարակության բևեռացումը խորացնող արհեստական բաժանումների մասին է, ընդ որում՝ այդ արատավոր դիսկուրսի հիմքում են «նախկին ու նոր», «սև ու սպիտակ», «ժեխ», «զոմբի», «ծախված», «դավաճան» և այլ արտահայտություններով մարդկանց վիրավորելու դատապարտելի թեզերը:

Մարդու իրավունքների պաշտպանը քաղաքական ուժերին, հանրային գործիչներին ու, առհասարակ, բոլորին կոչ է անում ձեռնպահ մնալ հասարակությունը բևեռացնող ու լարվածությունն ավելացնող արարքներից, վիրավորանք կամ ատելություն պարունակող կամ դրան նպաստող բառապաշարից: Պետք է հաշվի առնել անգամ բառերի կամ արտահայտությունների փոխաբերական իմաստներն ու ընկալման հնարավորությունները հասարակությունում:

Կարևոր է լրագրողների ու լրատվամիջոցների դերը, որոնք պետք է առավել ուշադիր լինեն իրենց կողմից տարածվող տեղեկությունների բնույթի և նյութերի վերնագրերի նկատմամբ:Մարդուն չի կարելի ենթարկել խտրականության քաղաքական հայացքների համար:Ցանկացած գործընթաց պետք է հիմնված լինի իրավունքի գերակայության վրա, իսկ ցանկացած նախաձեռնության հիմքում պետք է լինի մարդու իրավունքը»: