Դայակների աշխատավարձի փոխհատուցման ծրագիրը կընդլայնվի. շահառու կդառնա 400 կին

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության դայակների աշխատավարձի փոխհատուցման պիլոտային ծրագրով 2018 թվականին շահառու է դարձել մոտ 300 կին։ «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնակատար Արսեն Մանուկյանը նշեց, որ 2019 թվականի բյուջեով նախատեսված միջոցներով շահառու կդառնա 400 կին:

«Այն կանայք, ովքեր ծննդաբերել են ու գտնվել են աշխատանքային հարաբերությունների մեջ և հրաժարվում են երեխայի խնամքի երեք տարի անվճար արձակուրդից, կարող են օգտվել այս ծրագրից: Դայակի հետ կնքում են պայմանագիր, պետությունն էլ պատրաստ է նրա աշխատավարձի մինչև 55 հազար դրամի չափով ֆինանսավորել: Այսպես աջակցում ենք այդ կնոջը, որպեսզի նա ոչ թե 3 տարի գտնվի երեխայի խնամքի արձակուրդում, և այդ ժամանակահատվածում ետ ընկնի մրցակցությունից, այլ վերադառնա աշխատանքի»,-մասնավորապես ասել է Արսեն Մանուկյանը:

Ի դեպ, երեխայի տատիկը, ով նույն հասցեում չի բնակվում, նույնպես կարող է դառնալ ծրագրի շահառու:

Դիմելու համար ընթացակարգը հետևյալն է. ծրագրին մասնակցել ցանկացողները կարող են դիմել զբաղվածության գրասենյակի տարածքային բաժիններ ըստ բնակության վայրի, ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը՝ գործատուի հետ աշխատանքի մեջ գտնվելու հանգամանքը և դիմումը: