Շարունակում ենք ջանքեր գործադրել՝ բոլոր պահվող անձանց ազատ արձակելու ուղղությամբ․ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել

ՌԳ ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել 2021 թվականի նոյեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու մասին եռակողմ հայտարարության ընդունման մեկամյակի կապակցությամբ։

«2021 թվականի նոյեմբերի 9-ին լրանում է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Լեռնային Ղարաբաղում բոլոր ռազմական գործողությունները դադարեցնելու մասին հայտարարություն ընդունելու մեկ տարին։ Այս քայլը հնարավորություն տվեց վերջ տալ արյունահեղությանը և սկսել տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատման գործընթացը։

Այսօր կարող ենք արձանագրել, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունում արձանագրված պայմանավորվածություններն ընդհանուր առմամբ կյանքի են կոչվում։ Միևնույն ժամանակ, կարևոր է, որ Բաքուն և Երևանը հավատարիմ մնան դրա բոլոր դրույթների հետագա իրականացմանը և խստորեն պահպանմանը։

2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն տեղակայված ՌԴ խաղաղապահ զորախումբը զգալի ներդրում ունի տարածաշրջանում իրավիճակի կայունացման և անվտանգության ապահովման գործում։ Մեր ադրբեջանցի և հայ ընկերները սա գնահատում են։

Ռուս խաղաղապահների մասնակցությամբ 2020 թվականի դեկտեմբերի 2-ից վերադարձվել է, ընդհանուր առմամբ, 122 ռազմագերի և այլ պահվող անձ։ Նրանցից 105-ը վերադարձվել է Հայաստան, իսկ 17-ը՝ Ադրբեջան։ Ադրբեջանական կողմին է փոխանցվել 3 փաթեթ ականապատ դաշտերի քարտեզներ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։

Նշվում է, որ ռուս խաղաղապահներն ակտիվ կերպով մասնակցում են նաև խաղաղ կյանքի հարթմանը։ Մասնավորապես, ըստ հայտարարության պարբերաբար տարածաշրջան են հասցվում մարդասիրական օգնություն, ականազերծվում են տարածքները։

«Շարունակում ենք ջանքեր գործադրել մնացած մարդասիրական խնդիրները հրատապ կերպով լուծելու, այդ թվում՝ բոլոր պահվող անձանց ազատ արձակելու, անհետ կորածների ճակատագրի պարզմանը նպաստելու, զոհվածների աճյունների փոխանցման ու ընդհանուր ծավալով ականապատ դաշտերի հավաստի քարտեզները տրամադրելու ուղղությամբ։ Արդիական է մնում նաև կրոնամշակությանին և պատմական ժառանգության պահպանությունն ապահովելը»,- ասված է հայտարարության մեջ։

«Մտադիր ենք մեր գործընկերների հետ հետևողականորեն իրականացնել Հարավային Կովկասում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման խնդիրները, որոնք ձևակերպվել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության մեջ։

Բարձր ենք գնահատում Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի Հանրապետության փոխվարչապետների համատեղ նախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը։ Ընդգծում ենք շահերի հավասարակշռության վրա հիմնված կոնկրետ նախագծերի շուտափույթ մեկնարկի անհրաժեշտությունը, ինչը կօգնի բացել Հարավային Կովկասի տնտեսական և տրանսպորտային ներուժը։

Ընդգծում ենք ադրբեջանա-հայկական պետական սահմանին լարվածության նվազեցման և դրա սահմանագծման գործընթացի մեկնարկի կարևորությունը՝ հետագա սահմանազատմամբ։ Մենք պատրաստ ենք տրամադրել անհրաժեշտ խորհրդատվությունը։

Կարևոր ենք համարում շարունակել ջանքերը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գծով, առաջին հերթին՝ տարածաշրջանի առջև ծառացած սոցիալ-տնտեսական և հումանիտար խնդիրների լուծման համատեքստում։ Պահանջված է նաև ԿԽՄԿ-ի, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և այլ համապատասխան միջազգային կազմակերպությունների ներդրումը։

Մենք կանենք ամեն ինչ՝ նպաստելու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունների կարգավորմանը, աջակցելու խաղաղության նախաձեռնություններին, որոնք ուղղված են բոլոր մակարդակներում շփումների ընդլայնմանը Հարավային Կովկասի կայունության, անվտանգության և տնտեսական զարգացման ապահովման հարցերի լայն շրջանակին։

Պատրաստ ենք նաև նպաստել Ռուսաստանի Դաշնության մասնակցությամբ Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության հասարակության ներկայացուցիչների միջև երկխոսությանը՝ ադրբեջանցի և հայ ժողովուրդների միջև վստահության մթնոլորտ ստեղծելու նպատակով։

Մենք կողմ ենք Հարավային Կովկասի երկրների և նրանց հարևանների միջև բարիդրացիական հարաբերությունների ձևավորմանը, տարածաշրջանային փոխշահավետ համագործակցության զարգացմանը»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։

Աղբյուր՝ Factor.am