Ֆրանսիայի ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպման մասին

Ֆրանսիայի ԱԳՆ-ի մամուլի հաղորդագրությունը․

Կովկաս – Եվրոպայի և արտաքին գործերի նախարարի հանդիպումները հայ և ադրբեջանցի պաշտոնակիցների հետ և համատեղ հանդիպում Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո – Մամուլի խոսնակի հայտարարությունը (10 նոյեմբերի 2021 թ.)

Լեռնային Ղարաբաղում ընթացող մարտերի ավարտից մեկ տարի անց, Եվրոպայի և արտաքին գործերի նախարար պարոն Ժան-Իվ Լը Դրիանն այսօր երկկողմ առանձնազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ պարոն Արարատ Միրզոյանի և պարոն Ջեյհուն Բայրամովի հետ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր ասամբլեայի առիթով վերջիններիս Ֆրանսիա կատարած այցի շրջանակում։

Երկկողմ այդ հանդիպումների ավարտին, նախարարը բացել է Հայաստանի և Ադրբեջանի նախարարների համատեղ հանդիպումը՝ Մինսկի խմբի ֆրանսիացի, ամերիկացի և ռուս համանախագահների հովանու ներքո, որը նպատակ ուներ զարկ տալ սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում սկիզբ դրված դինամիկային։

Առանձին շփումների ընթացքում, նախարարը վերահաստատել է, հօգուտ տարածաշրջանի բնակչության, կողմերի միջև երկխոսության  ամրապնդմանն ու Հարավային Կովկասի տարածաշրջանում տևական խաղաղության հաստատմանը նպաստելու Ֆրանսիայի կամքը: Նա ընդգծել է սույն նպատակին հասնելու նպատակով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ակտիվ ներգրավվածությունը պահպանելու Ֆրանսիայի հաստատակամությունը և վերահաստատել երկու կողմերի հետ քաղաքական մակարդակով շփումները շարունակելու իր պատրաստակամությունը։