Այսօր Պաշտպանության նախարարությունում ՊՆ պաշտոնում նորանշանակ նախարար Սուրեն Պապիկյանին ներկայացնելու ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետո ելույթ է ունեցել նաև նախկին նախարար Արշակ Կարապետյանը: Նա նախ շնորհակալություն է հայտնել ՊՆ աշխատակազմին և ԶՈՒ սպայակազմին համատեղ աշխատանքի համար ու հավելել.
«Ես բոլորին խնդրում եմ՝ համարեք սա իմ վերջին հրամանը՝ ամեն ինչ արեք, աջակցեք նոր նախարարին և համախմբվեք նոր նախարարի կողքին: Վստահ եմ, որ պարոն Պապիկյանը կարողանալու է շարունակել և իրագործել այն ծրագրերը, որ կառավարությունը հաստատել է Զինված ուժերի մասով:
Ես առանձին զրույց ունեցա պարոն Պապիկյանի հետ, հայտնեցի իմ պատրաստակամությունը՝ հարկ եղած դեպքում աջակցելու: Պարոն վարչապետ, շնորհակալ եմ վստահության համար և հուսով եմ, որ հաջորդ նախարարն էլ ավելի մեծ հաջողություններ կունենա: Շնորհակալություն համատեղ ծառայության համար»:
Իր հերթին նորանշանակ նախարար Սուրեն Պապիկյանը նշել է. «Մեծարգո վարչապետ, պարոնայք գեներալներ, սպաներ, հարգելի գործընկերներ, այս պատասխանատու ու դժվարին ժամանակաշրջանում ինձ համար մեծ պատիվ է ստանձնել այս դերակատարումը: Շնորհակալ եմ, պարոն վարչապետ, այս պատասխանատու դերակատարումը վստահելու համար: Պատրաստ եմ զօր ու գիշեր ծառայել Հայաստանի Հանրապետությանը»: