«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ին տրամադրվել է ժամանակակից ռենտգեն սարքավորում

Եվրոպական միությունը և ԱՀԿ-ն այսօր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնին են տրամադրել ռադիոլոգիայի սենյակի համար ժամանակակից ռենտգեն սարքավորում։ Սարքավորումը տրամադրվել է երկրում COVID-19-ի տարածումը կանխելու ուղղությամբ իրականացվող օժանդակության առավել լայն փաթեթի շրջանակում:

Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ Հայաստանի մարզային 6 այլ հիվանդանոցների տրամադրվել է նոր ռենտգեն սարքավորում, որը հնարավորություն է տալիս հետևել հիվանդության ընթացքին և ընդունել բուժմանն առնչվող որոշումներ։ Սարքավորումներն անգնահատելի են հիվանդանոցների համար, որոնք օրական կտրվածքով ընդունում են հարյուրավոր COVID-19-ով հիվանդներ: Ավանդական ռենտգենյան ճառագայթները շարունակում են արդյունավետ լինել ախտորոշումը հաստատելու համար, սակայն թվային ռենտգենյան ճառագայթները թույլ են տալիս ստանալ ավելի լավ որակի պատկեր, ինչն էլ թույլ է տալիս հիվանդանոցում կատարել ճշգրիտ և արագ ախտորոշում։

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ԱՀԿ հայաստանյան գրասենյակի հատուկ ներկայացուցիչ Օլեգ Ստորոժենկոն այսօր այցելել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն՝ հանձնելու ռենտգեն սարքավորումը։

«Հուսով ենք, որ նոր սարքավորումները կօգնեն Հայաստանին խթանել համավարակի դեմ պայքարը՝ հեշտացնելով անձանց բուժման ընթացքի մշտադիտարկումը և բարելավելով կլինիկական ախտորոշումների իրականացումը։ ԵՄ-ն կանգնած է Հայաստանի և հայ ժողովրդի կողքին՝ միասին  պայքարելու COVID-19 համավարակի դեմ: Ես ուրախ եմ Բժշկական կենտրոն այցելել հենց այսօր, երբ լրանում է ՀԸԳՀ համաձայնագրի ստորագրման 4-ամյակը»,- նշեց Հայաստանում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինը։

 «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը համավարակի առաջին իսկ օրերից վերապրոֆիլավորվել է քովիդ կլինիկայի և ամբողջությամբ իր տեխնիկական ու մասնագիտական ներուժը ծառայեցնում է քովիդի դեմ պայքարին: Ինչպես գիտեք, սա մեր ամենամեծ մահճակալային ֆոնդ ունեցող քովիդ կլինիկան է: Այս սարքավորումը, որը հնարավոր եղավ ձեռք բերել մեր գործընկերների շնորհիվ, թույլ կտա կարճ ժամանակահատվածում և բարձր որակով իրականացնել քովիդ պացիենտների բուժման համար անհրաժեշտ հետազոտությունները»,- նշել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Համավարակի այս պահին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը և Եվրոպական միությունը շարունակում են աջակցել Հայաստանի հանրապետությանը COVID-19 համավարակի դեմ պայքարում և լինել բուժաշխատողների կողքին։ Այս ռենտգեն սարքավորումը, որը հնարավորություն է տալիս ավելի լավ որակի պատկեր ստանալ և հետևել հիվանդության ընթացքին, կարևոր նշանակություն ունի COVID-19-ով հոսպիտալացված հիվանդների բուժման ընթացքում:»,- ավելացրեց ԱՀԿ հայաստանյան գրասենյակի հատուկ ներկայացուցիչ Օլեգ Ստորոժենկոն։

Ծրագրի շրջանակում COVID-19-ով հիվանդներ սպասարկող հիվանդանոցներին են տրամադրվել անհատական պաշտպանիչ միջոցներ՝ դիմակներ, ձեռնոցներ, և բուժման համար անհրաժեշտ բժշկական սարքավորումներ՝ էլեկտրասրտագրության սարքեր, թթվածնի խտացուցիչներ, արհեստական շնչառության սարքեր և պացիենտի մոնիտորներ։ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը նույնպես սարքավորումների կիրառմամբ կարողացել է օգնել հարյուրավոր COVID-19-ով հիվանդներին ապաքինվել հիվանդությունից։

Այդ մասին հայտնում են ԱՀԿ հայաստանյան գրասենյակից։